Մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես կգա երկրորդ համարի ներքո: Եվրոպական բուքմեյքերական գործակալությունները առաջին կիսաեզրափակչից առաջ կատարել են իրենց կանխատեսումները: Դրանք, սակայն, Հայաստանի օգտին չեն. մեր երկրին բաժին են ընկել բավական բարձր գործակիցներ. այսինքն` բուքմեյքերները Հայաստանի հաղթելու հավանականությունը ցածր են գնահատել` «Face The Shadow» երգը չընդգրկելով անգամ տասնյակում: Այս կանխատեսումներն, անշուշտ, վերջնական չեն, սակայն չենք կարող չխոստովանել, որ դրանք, սովորաբար, հեռու չեն լինում իրականությունից:
Հաղորդավար Եգոր Գլումովը, ով, առհասարակ, «Եվրատեսիլ»-ով չի հետաքրքրվում եւ հետեւում է միայն մեր երկրի ներկայացուցչի ճակատագրին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ մրցույթից որեւէ ինտրիգ չի սպասում. «Կարեւորն այն չէ, որ մեր երգն անպայման հաղթի, տվյալ դեպքում դա երկրորդական խնդիր է. պարզապես պետք է, որ երգի մեսիջը հասնի ողջ Եվրոպային: Կազմելով «Genealogy» խումբը` մենք նախ ինքներս մեզ ապացուցեցինք, որ կարող ենք համախմբվել եւ աշխարհի առջեւ պահանջներ դնել: Այս պարագայում ինձ չի հետաքրքրում` մեր երգը լավագույն տասնյակում կընդգրկվի՞, թե՞ ոչ. ամեն դեպքում երաժշտությունը, մշակույթը կարող է անել այն, ինչը չեն արել տարբեր երկրների կառավարությունները»,-ասաց նա:
Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) կարծիքով էլ բուքմեյքերները հիմնականում ճիշտ կանխատեսումներ են անում, եւ մեր հաղթանակի շանսերը փոքր են. «Սակայն, ամեն դեպքում, ամենակարեւորը ճիշտ ներկայանալն է, Հայոց ցեղասպանության թեմայով ճիշտ մեսիջներ փոխանցելը առավելագույնս մեծ թվով անձանց: Հաղթել-չհաղթելու մասին անիմաստ է խոսել»,-ընդգծեց նա:
Բլոգերն անկեղծացավ` նշելով, որ երկար ժամանակ է` չի հետեւում «Եվրատեսիլ»-ին: Նա այն համոզման է, որ այդ մրցույթի թիրախային լսարանը կազմում են պատանիները. «Այնպես որ, «Եվրատեսիլ»-ին հաղթանակի հույսերով գնալը, այդ կապակցությամբ բյուջեից գումարներ ծախսելն, իմ կարծիքով, ճիշտ չէ: Շատ թվով երկրներ չեն մասնակցում մրցույթին, հայտնի է, որ այն շատ դեպքերում քաղաքականացվում է: Կարծում եմ` Հայաստանը պետք է խուսափի «Եվրատեսիլ»-ին պետական մակարդակով ուշադրություն դարձնելուց. եթե կլինեն երգիչ-երգչուհիներ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց մասնավոր միջոցներով մասնակցելու մրցույթին, թող մասնակցեն»,-ասաց նա:
Իսկ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն այն կարծիքին է, որ բուքմեյքերների կանխատեսումները չեն կարող հստակ լինել, քանի որ ամեն բան կախված է վերջնական փորձերից եւ կիսաեզրափակիչներից: «Այս տարի «Եվրատեսիլ»-ում ներկայացված են արտակարգ ուժեղ երգեր, ինձ համար լավագույն հնգյակն արդեն մոտավորապես պարզ է` Ավստրալիա, Իտալիա, Էստոնիա, Շվեդիա, Նորվեգիա (իմ ֆավորիտն Իտալիան է), սակայն հույս ունեմ, որ մեզ համար մի մեծ, հաճելի անակնկալ կլինի, եւ մենք եւս կհայտնվենք առաջատար դիրքերում: «Genealogy»-ն իսկապես շատ հաջողված նախագիծ է, մեր երգը գեղեցիկ է, գաղափարը` լավը, ես մեր խմբին տեսնում եմ լավագույն տասնյակում»,-նշեց նա:
Հաղորդավարուհին խոստովանեց, որ շատ է հուզվում ու ոգեւորվում հատկապես Ինգա Արշակյանի ձայնը լսելիս եւ հուսով է, որ այդ հրաշք ձայնը նույն ազդեցությունը կունենա Եվրոպայի լսարանի եւ հեռուստադիտողների վրա. «Վստահ եմ, որ խմբի մյուս անդամներն էլ իրենց դրական էներգետիկայով, փորձառությամբ կկարողանան տպավորություն գործել: Անկախ արդյուքներից` պետք է հիանալ մեր մասնակիցներով: Սատարենք նրանց ու մաղթենք հաջողություն, եւ ինչու ոչ` սպասենք հրաշքի»,-եզրափակեց Լ. Բադալյանը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ ելույթ կունենան հետեւյալ երկրների ներկայացուցիչները` համապատասխան հերթականությամբ` Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա, Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:
Աննա Բաբաջանյան