2011-ին Հայաստանում հայտնվել է նոր աղանդ՝ “Կենդանի հավատք” ընտանեկան եկեղեցին, որը արդեն գրանցված է, գործում է համերգների միջոցով, որի ընթացքում նաև բուժումներ են արվում և ծաղրում են Սուրբ Հոգուն։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը և “Միացյալ երիտասարդական լիգա” երիտասարդական կազմակերպության համանախագահ Սևակ Հովհաննիսյանը՝ հավելելով, թե աղանդում ներգրավված են շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
“Զանգվածային առումով մարդկանց զգացումների վրա են ազդում, հաղորդում են նրանց երկյուղածություն ու վախ և իրենց հիմնական գործունեությունն ուղղում են երիտասարդներին”,- ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ կրոնական կազմակերպության ղեկավարն է ոմն Արամ Ասատրյան, իսկ հավաքներն անցկացնում են Երկաթուղայինների պալատում ու մշակույթի տներում։ Իսկ կազմակերպության գործունեության մասին հայտնի է դարձել “Ֆեյսբուքից”, երբ տուժողը, ումից ընկերոջը բուժելու համար փող էին վերցրել, դիմել է Սևակ Հովհաննիսյանին։
Վերջինս տեսահոլովակները նայելուց սարսուռ է ապրել, քանի որ ասաց, որ ծաղրում են Սուրբ Հոգուն և հայոց նախնիներին։
“Չեմ ուզում վիդեոները հրապարակել, քանի որ դա իրենց համար գովազդ կլինի։ Իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչների անունները դեռ չենք ասում”,- ասաց Սևակ Հովհաննիսյանը։
Քահանան համոզված է, որ Հայաստանում գործող ինքնասպանությունների հիմնական մասը տեղի է ունենում ոչ թե սոցիալական հողի վրա, այլ խորը հոգեբանական սթրեսների։
Աղանդները, ըստ եկեղեցու սպասավորի, Հայաստանում գործում են “բաժանիր, որ տիրես” սկզբունքով և ոչ միայն։ Շատ երկրների հատուկ ծառայություններ լրջորեն հետաքրքրված են Հայաստանով, մեր երկրի, բնակչության վերաբերյալ տվյալներով, ուստի տեր Շմավոնը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է այս հարցերի վրա։
Տեր Շմավոն քահանան իր խոսքը եզրափակեց կենցաղային մի օրինակով, որ երբ մայրը իր երեխային մի քանի օր զգուշացնում է, թե “բոբիկ մի քայլի՛ր, փորիկդ կցավա”, սակայն երեխան չի լսում, ու մի քանի օրից խնդիրներ ունենալով, մտածում է, որ մայրիկին այսուհետ կլսի։ Մինչդեռ, ըստ նրա, մենք որպես պետություն զգոն չենք, ու արդյունքում “մեր փորիկը միշտ ցավում է”։
Արդեն Աստվածաշնչի տեսանկյունից քահանան ամփոփեց.”Չարը մեզ վրա այնքան իշխանություն ունի, որքան մենք ենք նրան հնարավորություն տալիս”։