Ամերիկայի հայկական համագումարից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը Եվրոպայում անվտանգության և համագործակցության Միացյալ Նահանգների հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) կոնգրեսական լսումների ժամանակ հանդես եկավ «Ժխտողականության հարյուրամյակը. Հայոց ցեղասպանությունը և արդարության համար ընթացիկ պայքարը» վկայությամբ: Հելսինկյան հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Քրիս Սմիթը (Հանրապետական-Նյու Ջերսի) ազդեցիկ հայտարարությամբ մեկնարկեց լսումները:
Նրա հայտարարության մեջ ասվում է. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ցեղասպանություններից այն միակն է, որի ժողովուրդը, որը բնաջնջվել է ցեղասպանությամբ նաև ենթարկվել է ցեղասպանության ժխտողականության զանգվածային քարոզչության շարունակական անարգանքին, որ բացահայտորեն աջակցվում է պետական իշխանության կողմից: Ցեղասպանության ժխտողականության այս քարոզարշավը ապտակ է հայ ժողովրդի համար` կանխելով հաշտեցումը և ապաքինումը:
Ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասաց ցեղասպանության 100-րդ տարելիցի զանգվածային պատարագի ժամանակ. «Նման չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է առանց վիրակապի արյունահոսող վերքի»»: Ստորև ներկայացված են հատվածներ Գրիգորյանի հայտարարությունից, իսկ նրա ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ: «Նախագահ Օբաման հայկական բառ է օգտագործել Հայոց ցեղասպանության համար («Մեծ Եղեռն»), նա նկարագրել և դատապարտել է այն բոլոր իրադարձությունները, որոնք տալիս են Հայոց ցեղասպանության բառարանային սահմանումը, նա կոչ է արել Թուրքիային անկեղծորեն հաշվի նստել իր անցյալի հետ և անդրադարձել է իր` որպես սենատոր նախորդ հայտարարություններին, երբ նա հստակորեն օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը:
Սակայն իր՝ նախագահ ընտրվելուց հետո, նրան մոլորեցրել են կեղծ խոստումներով և նա խոնարհվել է վատագույն տեսակի մարդկանց սպառնալիքների առջև: Սա վնաս հասցրեց հենց նրա վստահելիությանը: Ամենից վատն այն է, որ շատ կյանքեր են վտանգի տակ, քանի որ պատմությունը ինքնին կրկնվում է»: «Պատմությունն երբեք կասկածի առարկա չի եղել: Ասել, թե մարդիկ ցնցված են, չափազանցված է: Նորությունները, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, պետքարտուղար Քերին, Ազգային անվտանգության խորհրդատու Ռայսը քննարկել են ԻՇԻՊ-ի հարցը, դրանից հետո ամեն ինչ պարզ դարձրեց: Ինչևէ, եթե ասեմ, թե մենք խորապես հիասթափված ենք, նշանակում է ոչինչ չասել»:
«Ճշմարտությունն այն է, որ մենք ցավ և վիշտ ենք զգում, երբ կորցնում ենք սիրելի մեկին: Մենք ցավում ենք անմեղ մարդկանց և այն քաղաքակրթության համար, որը կործանվել է: Մենք ցավում ենք իմանալով, որ այն շարունակվելու է, եթե փոփոխություններ չլինեն: Եվ ինչպես մյուս տուժած խմբերը, մենք ավելի քան տոկուն ենք ինքներս մեզ կրկին նվիրելու ցեղասպանությունը կանխելու գործին, որը մենք ժառանգել ենք»: Լսումների ամբողջ ընթացքում Գրիգորյանը բացահայտեց ժխտողական փաստարկների անճշտությունները` «արխիվներ», «թողնել, որ պատմաբաները որոշեն», «հանձնաժողով ստեղծել» բառակապակցությունների վերաբերյալ` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին (ՀԹՀՀ) մասնակցելու եզակի փորձ ունենալով:
ՀԹՀՀ-ն իրավական լսում էր անցկացրել և համատեղ իրավական կարծիք է թողարկել այն մասին, որ Ցեղասպանություն կոնվենցիայի սահմանման բոլոր տարրերը համապատասխանել են` եզրափակելով տերմինաբանության բանավեճերը: Գրիգորյանն իր հայտարարության մեջ ասում է. «Հաշվի առնելով արձանագրությունը` ՀՀ նախագահ Սարգսյանը լավ պատասխան ունի հանձնաժողովի անազնիվ գաղափարի վերաբերյալ: Թուրքիան կարծես շարունակում է հանձնաժողովներ պահանջել, մինչև որ որևէ մեկը վերջնականապես կհամաձայնի իր դիրքորոշման հետ»: Մյուս թեմաները վերաբերվում էին 1982թ.-ի պետքարտուղարության գրառմանը, պատմական և այժմյան Միացյալ Նահանգների և միջազգային արձագանքներին, Ռաֆայել Լեմկինին, Հասան Ջեմալի և նրա` Հայոց ցեղասպանության մասին գրքի ազդեցությանը, Հրանտ Դինքին, դոկտոր Ուիլֆրեդ Փոստի կանխատեսումներին, 2009թ.-ի արձանագրություններին, Ամերիկայում հայոց ցեղասպանության թանգարանի առցանց կայքի բացմանը, հայերի և թուրքերի միջև շփման բարձրացման անհրաժեշտությանը և այլն: Բառափոխելով Նախագահ Օբամայի խոսքը` Գրիգորյանն ընդգծեց. «Հայերը, ինչպես և անցյալում, պատրաստ են ձեռք մեկնել, եթե դիմացի բռունցքը բաց է»:
Կոնգրեսում թուրքական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Սթիվեն Քոհենը (Դեմոկրատ- Թենեսի) կոչ արեց, որ բոլոր պատմաբաններին պետք է լսել, որին Գրիգորյանը հաստատակամորեն պատասխանեց` հիշեցնելով հանձնաժողովին Բերնարդ Լուիսի` 1995 թվականի մեղադրանքը ֆրանսիական դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև Լուիսի 1961թ.-ի և 1968թ.-ի հրատարակությունները, որոնք ծանոթացնում էին 1.5 միլիոն հայերի ահավոր ողբերգության հետ: Գրիգորյանի վկայությունը ներառում էր Նախագահ Օբամայի 2008 թվականի մեջբերումը. «Հայոց ցեղասպանությունը անհիմն պնդում չէ կամ անձնական տեսակետ, այլ լայնորեն փաստագրված փաստ, որն հիմնվում է պատմական փաստարկների ճնշող զանգվածի կողմից: Փաստերն անհերքելի են: Պաշտոնական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը, անհիմն և անկայուն քաղաքականություն է… Ամերիկան արժանի է մի առաջնորդի, ով իրավացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին և հաստատակամորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդ Նախագահը»:
Լսումներին նաև խոսեցին կոնգրեսական Բրեդ Շերմանը (Դեմոկրատ-Կալիֆորնիա) և սենատոր Շելդոն Ուայթհաուսը (Դեմոկրատ-Ռոդ Այլընդ), ովքեր իրենց աջակցությունն էին ցուցաբերել հանձնաժողովի նախագահ Սմիթին լսումները անցկացնելու հարցում, և տվել իրենց համաձայնությունը այն վկայություններին, որոնք վերաբերում են Թուրքիայի` Հայոց ցեղասպանության ժխտողականության քարոզարշավը դադարեցնելուն և ճանաչմանը: Ի լրումն Գրիգորյանի, այլ վկաներ նույնպես ներառված էին` դոկտոր Թաներ Աքչամը (պատմության պրոֆեսոր Քլարք համալսարանի Ռոբերտ Արամի և Մերիեն Կալուստյանի, Ստեփանի ու Մարիան Մուգար անվան Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ), պրն. Քենեթ Վ. Հաչիկյանը (Ամերիկայում Հայ ազգային հանձնախմբի (ANCA) նախագահ), դոկտոր Էլիզաբեթ Հ. Պրոդրոմուն (կոնֆլիկտների վերլուծության այցելու պրոֆեսոր, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դպրոց) և Կարինե Շնորհոքյանը (Ամերիկայում Հայ ազգային հանձնախմբի ցեղասպանության վերաբերյալ կրթական նախագծի ներկայացուցիչ):
Բոլոր վկաները համաձայնեցին, որ հաշտեցումը պահանջում է ճանաչում: