Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ժամանակաշրջանում դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ շփումներն ակտիվացնելու ու միջպետական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ., սակայն փոխգործակցության ներկայիս մակարդակը հեռու է ցանկալի համարվելուց: ՀՀ Նախագահը և Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը նշել են, որ առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ոսկեգործության, ադամանդագործության և այլն, զգալի ներուժ և հեռանկար կա:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների՝ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցության մասին և կարևորել Հայաստանի համար էական նշանակություն ունեցող հարցերում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, Հարավաֆրիկյան Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:
Հանդիպման ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ նրա բարձր ու պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման: