«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գումարների փոշիացման հարցում կարող է ռեկորդակիր համարվել: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԷՑ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված տվյալները եւ փաստաթղթերը, բավական ուշագրավ փաստեր ի հայտ եկան: Օրինակ՝ պարզվում է, որ էլէներգիայի ներկայիս 41,85 դրամ սակագնի պայմաններում ՀԷՑ-ը ամեն մի կՎտ-ից 12,46 դրամ եկամուտ ունի: Այսինքն՝ միայն վերջին մեկ տարում առաքված 5 միլիարդ 571 մլն 920 հազար կՎտ/ժ էլէներգիայից ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 69 մլրդ 426 մլն 123 հազար դրամ: Իսկ, ահա, ՀԷՑ-ի պահպանման ծախսերը կազմում են 39 միլիարդ դրամ: Եւ այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչպես է այս ընկերությունը հաջողացրել վնասով աշխատել, ո՞ւր են գնացել տասնյակ միլիարդ դրամները: Բայց այս ընկերությունն այնքան է լկտիացել, որ այս պայմաններում դեռ համարձակվում է էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել: Այսինքն՝ ՀԷՑ-ը ցանկանում է, որ իր տարեկան եկամուտը կազմի ոչ թե 69 մլրդ դրամ, այլ 114 մլրդ 753 մլն 697 հազար դրամ: Բայց կասկած չկա, որ այդ ժամանակ էլ տարին «վնասով» կփակեն: Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ թալան:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցում քաղաքական որոշումը արդեն կայացվել է: Ըստ այդմ, նախատեսվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը կբարձրացնի 6-7 դրամով, այլ ոչ թե 17, ինչպես ցանկանում է ՀԷՑ-ը: Այսինքն՝ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները ուռճացված են համարվել, իսկ 6-7 դրամով սակագնի բարձրացումը անխուսափելի կլինի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ իշխանության վերնախավում բուռն քննարկվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության եւ նրա հետագա ճակատագրի հարցը: Նշվում է, որ Ս. Խաչատրյանը մի քանի օր շարունակ Երեւանում իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների հետ քննարկել է իր «ճակատագիրը», բայց այդպես էլ ոչ մի կոնկրետ հայտարարի չգալով՝ անորոշության մեջ մեկնել է հայրենի Կապան: Մեր տեղեկություններով՝ Ս. Խաչատրյանն այս օրերին շատ անտրամադիր է ու ոչ ոքի հետ չի խոսում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչ դիրքորոշում ունի Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ու արդյոք Սյունիքի մարզպետը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն մեզ չհաջողվեց պատասխան ստանալ: Գրավոր հարցերն ուղղեցինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանին, որը մինչեւ օրվա ավարտը այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ՀՀ ԱԺ-ում անձամբ է ներկայացնելու դատախազության անցած տարվա գործունեության հաղորդում-հաշվետվությունը: Նշենք, որ նախկին ԳԴ, իսկ այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը երբեք հաղորդումն անձամբ չի ներկայացրել խորհրդարանում: Փաստաթուղթն ուղարկվել է ԱԺ, բաժանվել է պատգամավորներին ու վերջ: ԱԺ նիստում այն չի քննարկվել, եւ գլխավոր դատախազն էլ պատգամավորների առջեւ հաշվետվությամբ հանդես չի եկել: Սակայն «ԱԺ կանոնակարգ» օրենքում անցած տարի փոփոխություն կատարվեց, եւ այժմ գլխավոր դատախազի հաղորդումը պետք է ներկայացվի ԱԺ նիստում: Սակայն ուշագրավ է, որ ներկա պայմաններում Գեւորգ Կոստանյանը մտադիր է անձամբ ներկայացնել եւ տեղակալներից մեկին չի ուղարկում խորհրդարան: Կասկածից վեր է, որ պատգամավորները նրան, մեղմ ասած, հարցախեղդ են անելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԳԴ հաղորդումն առաջիկա քառօրյայի 3-րդ հարցն է լինելու:
Գալիք շաբաթը Հայաստանի համար անչափ կարեւոր է լինելու եւ, ըստ էության, կանխորոշելու է հետագա զարգացումները: Ինչպես հայտնի է՝ շաբաթվա ինտրիգը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովն է, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Ենթադրվում է, որ այդ օրերին կարող է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվել քաղաքական փաստաթուղթ: Արդյոք այս կանխատեսումները կիրականան, պարզ կլինի մի քանի օրից: Իսկ մինչ այդ՝ մայիսի 18-ից 19-ը, սահմանադրական փոփոխությունները մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամները պետք է Փարիզում հանդիպեն Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին պետք է ներկայացնի սահմանադրական փոփոխությունների՝ արդեն իսկ մշակված փաստաթուղթը: Այս հանդիպումների հաջորդականությունը, բնականաբար, պատահական զուգադիպություն չէ: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Ի վերջո, երկար ժամանակ է խոսվում այն մասին, որ սահմանադրական փոփոխություններն արվում են՝ արեւմտյան խոստումներն ի կատար ածելու համար:
ՊԱՐԱԶԻՏԱՅԻՆ
Ինչպես եւ գրեթե բոլոր կառուցվածքային փոփոխությունները, որոնք ՀՀ իշխանություններն իրականացրել են բացառապես եվրոպական կառույցներին հաշվետվություն ներկայացնելու համար, այդպես էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ըստ էության, ձեւական, «գալոչկայի» համար ստեղծված մարմին է: Այս իրողությունը եւս մեկ անգամ ամրագրվեց երեկ` հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի` լրագրողների հարցերին տված պատասխաններից:
Ավելի քան 3 տարի առաջ ստեղծված այս հանձնաժողովի նախագահն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ նշել որեւէ պաշտոնյայի անուն, որի ներկայացրած տվյալները կառույցը ռիսկային է գնահատել: Ասել է թե` այս հանձնաժողովը, որի անդամները բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, մեր` շարքային քաղաքացիներիս հաշվին ստեղծված հերթական «պարազիտ» կառույցն է, որի հիմնական առաքելությունը հանրության աչքերին թոզ փչելն է եւ տպավորություն ստեղծելը, թե ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ձեւավորման գործընթացը գտնվում է պետության վերահսկողության ներքո:
Ընդ որում, իր երկարաշունչ պարզաբանման ընթացքում հանձնաժողովի նախագահը ամեն կերպ փորձում էր արդարանալ` գործառույթների, լծակների, տվյալների անբավարարության հետ կապելով կոնկրետ պաշտոնյաների ներկայացրած կեղծ տեղեկատվության բացահայտման անհնարինությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ ցանկության դեպքում դրա համար շատ բան պետք չէ. բավարար է պարզապես ուշադիր կարդալ ներկայացված հայտարարագրերը` դրանցում աղաղակող ռիսկերը նկատելու համար: Իսկ եթե դա էլ չի ստացվում, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ մամուլի, մասնավորապես «Ժողովուրդ»-ի հրապարակումները, որոնցում մեկ առ մեկ ներկայացնում ենք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում առկա կասկածահարույց տեղեկությունները:
Օրինակ` չնկատելու համար ՀՀ վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին արված 600 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, պետք է շատ մեծ ցանկություն ունենալ: Կամ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի ներկայացրած հայտարարագրում նշված ընդամենը 1,2 մլրդ դրամ եւ 127 հազար դոլար գումարը լուրջ ընդունելու համար պետք է հումորի առանձնահատուկ զգացողություն ունենալ: Հատկապես նրա կնոջն արված 283 հազար դոլար նվիրատվության ֆոնին: Նման օրինակները բազմաթիվ են՝ գրեթե 500-ի հասնող. մոտավորապես այդքան է հայտարարագրեր ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաների թիվը, որոնց գերակշիռ մասը, առանց կասկածելու կարելի է պնդել, կեղծ տեղեկատվություն է ներկայացրել: Հատկապես որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար պաշտոնյաներին ոչ միայն քրեական, այլեւ անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու վտանգ չի սպառնում: