ՓԱԽՉԵԼՈՒ ՏԵՂ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիս 25-ին ԱԺ հանձնաժողովներում կսկսվեն 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ ԱԺ բոլոր խմբակցություններին բաժանվել է բյուջեի կատարողականի նախագիծը, որպեսզի այն նախ քննարկվի խմբակցություններում, այնուհետեւ ՀՀ Կառավարության ներկայացուցիչներն այն կներկայացնեն ԱԺ հանձնաժողովներում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2014 թվականի բյուջեի կատարողականը խորհրդարանում կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, պատգամավորների հարցերին կպատասխանի նաեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Հիշեցնենք, որ նախորդ՝ 2013 թվականի բյուջեի կատարողականը «առանձնահատուկ» էր նրանով, որ բյուջեն «ծախսել» էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը: Ուշագրավ էր, որ 2013 թվականի բյուջեի նախագիծն ընդունվել եւ կատարվել էր նախորդ Կառավարության ու վարչապետի օրոք, որոնք, սակայն, կատարողականի քննարկման ժամանակ արդեն հրաժարական էին տվել: Ու թերեւս հենց այդ պատճառով էլ ոչ իշխանական պատգամավորները հիշել էին Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանը, խոսել դրա թերություններից, իսկ հանրապետականներից եւ ոչ ոք նախորդ վարչապետին պաշտապանելու փորձ չէր արել: Նշենք նաեւ, որ այդ ժամանակահատվածում ջերմ հարաբերությունների մեջ էին ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները, երբեմնի «հրաշալի քառյակը»:
Այս տարի առաջին անգամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարությունն է ներկայացնելու բյուջեի կատարողականը, իսկ վերը նշված ուժերը Կառավարության գործունեության վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե նա ինչպիսի սպասելիքներ ունի, արդյո՞ք ԱԺ ընդդիմադիր ուժերը դեմ կարտահայտվեն բյուջեի կատարողականին:
-Պարո՛ն Սաֆարյան, ըստ Ձեզ՝ ՀՀ Կառավարությանը հաջողվե՞լ է բյուջեն 100 տոկոսով կատարել: Դուք գո՞հ եք Ձեր մեկ տարվա աշխատանքներից եւ կատարողականի քննարկումից ինչ սպասելիք ունեք:
-Գիտեք, դրանք լինում են մասնագիտական քննարկումներ, պատգամավորները մասնագիտորեն ներկայացնում են այն թերությունները, որոնք իրենք տեսնում են բյուջեի կատարողականում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան պրոֆեսիոնալ քննարկումներ կկազմակերպվեն դահլիճում: Դա շատ կարեւոր հանգամանք է, դրանից շատ բան է կախված, եթե բյուջեի կատարողականում ինչ-որ թերություններ կան, պետք է վեր հանել այդ թերությունները: Քննարկումները հենց դրա համար են կազմակերպվում, որպեսզի բոլոր պատգամավորները ներկայացնեն այն, ինչն, ըստ իրենց, թերի է կատարվել:
-Նախորդ տարի ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ քվեարկեցին 2013 թվականի բյուջեի կատարողականին: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախորդ Կառավարության գործունեությունն ու աշխատանքի որակն անվանեց «տնտեսական հաննիբալիզմ»: Այս անգամ ի՞նչ է սպասվում ՀՀ Կառավարությանը:
-Ես այդ առումով որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ դա պատգամավորների տեսակետն է, նրանց դիրքորոշումն է: Ձեր հնչեցրած հարցի հետ կապված կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, այնտեղ կարող է լինել ծախս, որը կատարվել է 70 տոկոս, բայց այդ հարցում ունենա իր պատճառները: Ծախս կա, որն ունի իր հիմնավոր պատճառը, իսկ ծախս էլ կա, որ այնքան էլ հիմնավոր չեն այդ պատճառները: Հիմնականը բյուջեի համար սոցիալական ծախսերն են՝ աշխատավարձ, թոշակ, առողջապահության ոլորտում տրամադրվելիք եւ այլ միջոցներ, դրա հետ կապված որեւէ ծախս չի կուտակվել, դա շատ կարեւոր է բյուջեի կատարողականի համար: Բայց կան նաեւ ծախսեր, որոնք ավելի շատ են կատարվել: Մի տխուր օրինակ ներկայացնեմ. ասենք՝ հայրենական պատերազմի մասնակիցներին պատվովճար են տալիս, հիմա ոչ ոք չի կարող բյուջեի քննարկման ժամանակ իմանալ, թե հայրենական պատերազմի հաշմանդամներից քանի հոգի կմահանա, կամ այդ հարցն ինչ կերպ կլուծվի: Նախապես պլանավորվում է այնքան, ինչքան մարդ կա, բայց դա դու չես կարող կոնկրետ ու հստակ որոշել: Իսկ եթե այդ գումարները չեն վճարվում, նշանակում է թերակատարում: Դա արդեն օբյեկտիվ բան է, դրա համար չես կարող ինչ-որ կոնկրետ հայտարարություններ անել, կան ծախսեր, որոնք թերակատարվում են, իսկ մենք էլ դա ներկայացնում ենք ու քննարկում: Այս բանի համար հնարավոր է քննադատեն, կամ, չգիտեմ, ինչ-որ այլ հարցեր կան, դրա համար ասում եմ՝ բյուջեն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:
-Այսինքն՝ պատգամավորների քննադատություններին պատրաստ ե՞ք:
-Քննադատությունը պետք է լինի հիմնավոր, ես ընդամենը մի բան կարող եմ ասել, բյուջեի կատարողականը պետք է լինի մանրամասն ուսումնասիրված, որպեսզի ծավալվի մասնագիտական քննարկում: Ես կողմնակից եմ, որ խորհրդարանում կայանա այնպիսի քննարկում, որը հանրությանն ինչ-որ բան կտա, որի ժամանակ իսկապես կլինեն բացահայտումներ, եւ կխոսվի թերությունների մասին: Ես երկու ձեռքով կողմ եմ մասնագիտական եւ օբյեկտիվ քննարկումներին:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ խմբակցություններից պարզել՝ արդյո՞ք քննարկել են 2014 թվականի բյուջեի կատարողականը: Սակայն պարզվեց, որ խմբակցություններում այդ հարցը դեռեւս չի քննարկվել:

 

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Նիստի սկզբում ցուցադրվեց կատարված աշխատանքների մասին պատմող ֆիլմ, ինչից հետո պատգամավորներն իրենց հարցերն ուղղեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին եւ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանին:

Բայց նախ` Հայաստանում «Ասիական զարգացման բանկի» տնօրեն Դեյվիդ Դոլը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ այդ ծրագիրը շատ կարեւոր է իրենց համար, քանի որ այն կնպաստի ՀՀ-ի եւ հարեւան երկրների միջեւ հաղորդակցությանը, եւ Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանում:
ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն էլ նշեց, որ նախնական գնահատականներով ծրագրի արժեքը կազմել է 1.5 մլրդ դոլար. «Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից եւս 120 մլն եվրո կօգտագործենք, որը ուղղորդված կլինի եւս 12 մլն դոլար դրամաշնորհով»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը փորձեց Ա. Առաքելյանից պարզել՝ արդյոք ճանապարհաշինության աշխատանքների ավարտից հետո հանրությունը կկարողանա երթեւեկել բարձրակարգ ճանապարհով: «Մենք տեսնում ենք, թե ինչքան մեծ գումարներ են ներդրվում: Որպես քաղաքացի՝ ուզում եմ իմ անհանգստությունը հայտնել՝ Արարատի ճանապարհը տարբերվում է Թբիլիսի-Բաթումի ճանապարհից: Թբիլիսիի ճանապարհը սահուն ենք, անցնում՝ առանց ձայնային դրսեւորումների, որոնք կան մեր ճանապարհի հատվածում: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս են բաշխվում գումարները, ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ ինչպիսի՞ որակ ունի այդ ճանապարհը, մենք զգում ենք այն»,- նշել է պատգամավորը: Փոխնախարարը հավաստիացրել է, թե երբ ճանապարհը վերջնականապես պատրաստ լինի, այն ավելի հարմարավետ կլինի:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ Ա. Առաքելյանից հետաքրքրվել է ՎՊ-ի բացահայտած չարաշահումների մասին, սակայն փոխնախարարը վստահեցրել է, թե չարաշահումներ չեն եղել: Ըստ նրա՝ պարզապես եղել են խնդիրներ, որոնք արդեն վերացված են: «Ես, օրինակ, զարմանում եմ, թե ինչու այստեղ չէ Իշխան Զաքարյանը, եւ նորից նույն հարցն եմ տալիս՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Ես կարծում եմ, որ լավ բան եք մտածել՝ լսումներ կազմակերպելով, բայց խնդիրը ոչ թե ամեն ինչ «ֆանֆար» ներկայացնելն է, այլ հանրությանն իրազեկելը կատարվող աշխատանքների մասին»,- եզրափակեց Զուրաբյանը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԲԺՇԿԱԿԱՆԻ ՓՈՂԵՐԸ
«Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ Հիմնադրամը, կամ ավելի ճիշտ՝ բժշկական համալսարանն ունի 3 հազար 105 աշխատակից, որոնց անցած տարի ընդհանուր վճարվել է 6 մլրդ 873 մլն 76 հազար դրամի աշխատավարձ: Հիմնադրամի ֆինանսական աղբյուրներն են եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը եւ ուսանղոների ուսման վարձերը, որն ընդհանուր հաշվով կազմել է 12 մլրդ 18 մլն 675 հազար դրամ: Սակայն անցած տարի բժշկական համալսարանն օգտագործել է 11 մլրդ 509 մլն 226 հազար դրամ: Ի զուր չէ, որ ՄՀՊԲ համալսարանը համարվում է Հայաստանի ամենահարուստ բուհերից մեկը, եւ նրա ղեկավարի հարցը մշտապես լուծվել է ամենաբարձր մակարդակով` նախագահականում:

 

Ի՞ՆՉ ՏԱՔՍԻՍՏ
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպած տաքսու վարորդն իրենց հետ կապ չունի եւ իրենց կողմից լիազորված անձ չէ: Նա հորդորել է քննարկումներ վարել իրենց հետ` անկախ այն բանից, թե ինչ են քննարկել Արման Գալստյանի հետ: «Անհատ տաքսու վարորդների իրավունքների կենտրոն» հ/կ համանախագահ Արսեն Պետրոսյանն էլ առաջարկել է` քանի դեռ քննարկումներ են ընթանում, դադարեցնել տուգանքները եւ ՀՀ ողջ տարածքով մեկ տաքսու վարորդների համար միեւնույն սակագինը սահմանել: Տեսնենք՝ այս վարորդների խոսքն էլ արագ կհասնի՞ իշխանություններին, թե՞ միայն Արմանին էր պետք գովազդել՝ նրան քաղաքական խաղերի մեջ օգտագործելու համար:

 

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԿԲԱՑԱՀԱՅՏԵՆ
Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ armlur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեց պարզել, թե ինչ միջոցառումներ է իրականացնում ոստիկանությունը՝ տեղի ունեցած միջադեպը բացահայտելու համար: «Ոստիկանությունը ակտիվ որոնողական, ինչպես նաեւ բացատրական աշխատանքներ է կատարում միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Անհանգստանալու կարիք չկա»,- պատասխանել է Ահարոնյանը: Նա օրերս սոցցանցի իր էջում անդրադարձել էր այս դեպքին` գրելով. «Բազմիցս ասել ու կրկնում ենք՝ չբացահայտվող հանցագործություններ չկան, եւ ոչ մի հանցագործ անպատիժ չի մնում»: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի տարածքի Սդղի գյոլ կոչվող հատվածում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որում որպես մասնակից շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի անունը, ով, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մեկնել է Կիեւ:




Լրահոս