ԷԼՑԱՆՑԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԹԱԼԱՆՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած էլէներգիայի սակագնի վերանայման հայտում բերված տվյալները եւ կից փաստաթղթերը մեկ բանի մասին են վկայում` թանկացումը ոչ միայն հիմնավորված չէ, այլ ավելին՝ ներկայիս սակագները եւս ուռճացված են:

Այսպես, վերջին մեկ տարում` հաշվարկած 2014-ի օգոստոսից մինչեւ այս տարվա հունիսը, ըստ ՀԷՑ-ի ներկայացրած թվերի՝ իրենց էլէներգիայի տեխնիկական եւ առեւտրային կորուստները կազմել են 706 մլն 300 հազար կՎտ: Մաքուր կորուստը, այսինքն՝ առանց ՀԷՑ-ի եկամուտը հաշվարկելու (հաստատված 41,85 դրամ 1 կՎտ/ժ-ից հանած մարժան` 12,46 դրամ կՎտ/ժ, բազմապատկած կորսված էլէներգիայի թվով), կազմել է 20 միլիարդ 758 միլիոն 157 հազար դրամ: Կրկնում ենք՝ սա մաքուր կորուստն է, այսինքն՝ այն գումարը, որը ՀԷՑ-ը ամեն դեպքում պարտավոր է եղել վճարել էլէներգիա արտադրողներին: Ուր են գնացել այդ կորուստները, եւ ով կարող է երաշխավորել, որ դրա մի մասը ուղղակի չի հափշտակվել, անհասկանալի է: Ի վերջո, խոսքը մոտ 50 մլն դոլարի մասին է:
Բայց այս ամենով հանդերձ, առաջիկա մեկ տարվա կտրվածքով ՀԷՑ-ը նախատեսում է, որ տեխնիկական եւ առեւտրային կորուստները կկազմեն 790 մլն 290 հազար կՎտ: Այսինքն՝ էլցանցերը կորուստների թիվը ոչ միայն չի պատրաստվում նվազեցնել, այլ նույնիսկ ավելացնում է: Սա այլ կերպ, քան խայտառակություն՝ հնարավոր չէ որակել: Կարելի է կարծել, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը ոչ միայն չափի զգացողությունն է կորցրել, այլ նաեւ Հայաստանի բնակչությանը, ՀՀ իշխանությունների օրինակով, լիարժեք արհամարհում է: Գործող սակագներով ՀԷՑ-ը նախատեսել է, որ առաջիկա տարվա ընթացքում քամուն կտա 23 միլիարդ 226 մլն 623 հազար դրամ, իսկ նոր սակագները եթե հաստատվեն, ապա դա առնվազն 30 միլիարդ կկազմի:
Նման խայտառակ արդյունքների պայմաններում ՀԷՑ-ը ցանկանում է սակագների բարձրացման հաշվին իր աշխատողների միջին աշխատավարձը դարձնել ամսական 240 հազար դրամ: Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն ունի 7 հազար 852 աշխատող: Սակայն ողջ խնդիրն այն է, որ աշխատավարձի ֆոնդը բարձրացնելու արդյունքում հիմնական աշխատակազմի աշխատավարձը, միեւնույն է, էապես չի բարձրանա, փոխարենը ղեկավար կազմի աշխատավարձերը, որոնք առանց այդ էլ աստղաբաշխական թվեր են, է՛լ ավելի կմեծանան: Մասնավորապես, երբեւէ չի հստակեցվում, թե ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի աշխատավարձը որքան է, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նա ամսական ստանում է մոտ 60 հազար դոլար:
Հաջորդ խնդիրը, որը հնարավոր չէ չնկատել, ավտոմեքենաների եւ անշարժ գույքի վարձակալումն է: Պարզվում է, որ միայն վերջին մեկ տարում ՀԷՑ-ի հասույթը կազմել է 174 միլիարդ 358 միլիոն դրամ: Բայց ավելի քան 400 մլն դոլարի շրջանառություն ունեցող ընկերությունը, չգիտես ինչու, մի քանի հարյուր հատ ավտոմեքենա է վարձակալում, իսկ դրա դիմաց վճարվող գումարները ներառում սակագնի մեջ: Մասնավորապես, ըստ ներկայացված փաստաթղթերի, պարզ է դառնում, որ ՀԷՑ-ը 786 հատ պայմանագիր է կնքել տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ: Դրանց մեծ մասը կազմում են մարդատար ավտոմեքենաները: Ասենք, մի պայմանագրով, որը կնքվել է «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի հետ, ՀԷՑ-ը վարձակալել է 1 հատ «Լեքսուս»՝ ամսական 796 հազ. վարձավճարով, 10 հատ «Միտսուբիշի պոժերո», միավորի ամսական վարձավճարը՝ 397 հազ դրամ, 1 հատ «Տոյոտա Պրադո»` ամսական 456 հազ. դրամ վարձավճարով, 4 հատ «Տոյոտա Քեմի», որոնց միավորի վարձավճարը 330 հազ դրամ է, եւ այսպես շարունակ: Միայն այս մեկ պայմանագրով վարձակալվել է 21 հատ տարբեր մակնիշի ավտոմեքենա, որոնց ամսական ընդհանուր վարձավճարը կազմում է 7 մլն 197 հազար դրամ: Պայմանագիրը կնքվել է 3 տարով, եւ դրա արժեքը կազմում է 259 մլն 119 հազար դրամ: Իսկ թե ում է նման մեծ լավություն արել ՀԷՑ-ը, դա պատկան մարմինների պարզելու հարցն է:
Իհարկե, վարձակալված են նաեւ բեռնատարներ եւ հատուկ ավտոմեքենաներ: Բայց ամեն դպքում, անհասկանալի է, թե ինչու այդ հարուստ ընկերությունը տարիներ շարունակ չի գնել իրեն անհրաժեշտ ավտոմեքենաները, այլ գերադասում է ամեն ամիս «Լեքսուս» վարձակալել: Ում համար են դրանք վարձակալվել: Կասկածից վեր է, որ եթե լուրջ ուսումնասիրություններ կատարվեն, ապա կպարզվի, որ այդ մարդատար ավտոմեքենաները նույն ՀԷՑ-ի աշխատողներինն են կամ նրանց հարազատների անուններով են գրանցված, սակայն վարձակալությամբ վերցնում են եւ տրվում նույն մարդկանց՝ օգտագործելու համար: Այս ճանապարհով ՀԷՑ-ը դուրս է գրում ամսական 103 մլն 246 հազար դրամ:
Իսկ ինչ վերաբերում է անշարժ գույքին, պարզվում է՝ ՀԷՑ-ը վարձակալում է 3 հազ 357 անշարժ գույք, այդ թվում՝ նաեւ հողամասեր: Դրանց մոտ կեսը տարբեր համայնքների սեփականություն հանդիսացող տարածքներ եւ հողամասեր են, սակայն մնացածը անհատներին պատկանող ինչ-որ տարածքներ են: Նախ հարց է ծագում՝ ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք այդքան տարածք, կամ եթե պետք է, ինչու դրանք չեն գնում: Այս դեպքում էլ է ակնհայտ, որ կրկին գործ ունենք փողերի լվացման մի մեծ համակարգի հետ: Նկատենք, որ անշարժ գույքի վարձակալության համար ՀԷՑ-ը ամսական ծախսում է 381 միլիոն 73 հազար դրամ:
Ովքեր են այդ մասնավոր տարածքների տերերը: Կասկածից վեր է, որ այս դեպքում էլ ոչ միայն ՀԷՑ-ի ղեկավար կազմն է գործի մեջ, այլ նաեւ՝ Հայաստանի տարբեր մարզերի իշխանավորները, որոնց էլ հիմնականում պատկանում են վարձակալված տարածքները: Ստացվում է, որ Հայաստանի իշխանական համակարգը՝ մեծ ու փոքր պաշտոնյաներով հանդերձ, ՀԷՑ-ից իրենց «փայն» ունեն, դրա համար էլ էլէներգիայի թանկացումը երբեք նրանց չի մտահոգում: Նրանք ամեն դեպքում շահած են, միակ տուժողը շարքային քաղաքացին է, որին շարունակ քերթում են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 4 մլն դրամ, 12 հազար դոլար եւ 6 հազար եվրո: Տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 711 հազար դրամ: Նրա կնոջ` Սվետլանա Խաչատուրովայի դրամական միջոցները 2014 թվականին եղել են 3.5 մլն դրամ, 7 հազար դոլար եւ 2 հազար եվրո: Հիշեցնենք, որ հենց նույն Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովն էր, որը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց ՀՀ ԶՈՒ շարքերից, նա 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները Արարատի զորամասերից մեկում դրամաշորթությամբ էին զբաղվել, ինչը հովանավորվել էր Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրեական գործ էր հարուցվել, եւ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացել էր համակարգից: Իսկ որոշ ժամանակ անց նա դարձյալ պաշտոն ստացավ ՀՀ զինված ուժերում:

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՅԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի վրա հրազենից կրակ արձակած երիտասարդների վերաքննիչ բողոքը: Հիշեցենք, որ 2013 Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակել էին Գագիկ Մելիքյանի փեսայի` Անուշավան Մանուչարյանի վրա, որը, ի դեպ, Բերդի քաղաքապետի որդին է: Կրակողներն էլ եղել էին Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը: Իսկ կրակոցների պատճառը եղել էր մեքենայի շուրջ ստեղծված խնդիրը: Կրակոցների հեղինակները հետագայում դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման: Սակայն, պարզվում է, նրանց վերաքննիչ բողոքն այս տարվա ապրիլի 25-ին մասնակի բավարարվել է, եւ դատարանը նրանց պատիժը որոշակիորեն մեղմացրել է: Նրանց ազատազրկման ժամկետը 6 տարվա փոխարեն իջեցվել է 5-ի:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉՎԱԽԵՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՐԸ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակության անդամները` համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը, Թբիլիսիում մասնակցել են «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» (EBRD) տարեկան ժողովին եւ գործարար համաժողովին, որի շրջանակներում կազմակերպված թեմատիկ քննարկմանն ունեցած ելույթում Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է բիզնեսում հաջողության համար անհրաժեշտ որակներին: «Երբ դա ձեր սեփական բիզնեսն է, մշտապես կարիք ունեք լինել իրադարձությունների կենտրոնում եւ հանդես գալ նախաձեռնություններով, քանի որ ուրիշ ոչ ոք հոգ չի տանի ձեր բիզնեսի մասին այնպես, ինչպես դուք ինքներդ»: Նա նաեւ խորհուրդ է տվել. «Չվախենալ հարմարավետության գոտին լքելուց, չվախենալ անհաջողությունից եւ նորից սկսելուց, չվախենալ այնպիսի գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք, քանի որ ժամանակի ընթացքում դուք կստանաք ողջ տեղեկատվությունը, բայց արդեն ուշ կլինի»:

 

ՀԱԿ-Ը ՔԱՅԼԵՐ ԿԱՆԻ
Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ ՀԱԿ-ը քայլեր է ձեռնարկելու էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը կանխելու ուղղությամբ: «Երկուշաբթի օրը մինչեւ ժամը 12-ը մենք պետք է հավաքենք 44 ստորագրություն, փորձենք արտահերթ քննարկում անել Ազգային ժողովում, ձեզ արդեն հայտնի ընթացակարգով դնել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու հարցը», – հայտարարել է Զուրաբյանը՝ հավելելով, որ արդեն դիմել է ԱԺ 4 խմբակցությունների ղեկավարների:

 

ԻՏԱԼԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԷԼ
ԵԱՀԿ-ի Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Այսօր խորհրդակցություններ են անցկացվել իտալական կողմի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակից բոլոր երկրները կողմ են բանակցային ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը:




Լրահոս