ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի անունը մամուլի էջերից չի իջնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս անգամ ՀՀԿ-ական պատգամավորը դատի է տվել հայտնի ապահովագրական ընկերություններից մեկին՝ «Ինգո Արմենիային», գումար ստանալու պահանջով:
Այն, որ վերջին շրջանում Աշոտ Աղաբաբյանի գործերը լավ չեն, ակնհայտ է անգամ նրա տված հարցազրույցներից: Դեռեւս 2014 թվականին գրել էինք, որ Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանից գանձել 20.200 ԱՄՆ դոլար: Երկու ամիս տեւած քննությունից հետո դատարանը բավարարել էր պատգամավորի պահանջը, սակայն, այսպես ասած, պատգամավորի աշխատակիցը այդպես էլ չվերադարձրեց նրա դոլարները: Ասել է թե՝ «քցեց» պատգամավորին: Տպավորությունն այնպիսին էր, որ այդ պատմությունից հետո նա այլեւս առիթ չի ունենա՝ ընկնելու «դատարանի դռները,» սակայն արի ու տես՝ 2015 թվականը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի համար, հատկապես դատական հայցերով, բավականին բուռն է սկսվել:
2015թ մարտին ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում 60 մլն դրամի չափով տուգանել էր նրան:
Սակայն ինչպես փորձը ցույց էր տվել, պատգամավորը ձեռնունայն չէր նստել եւ տուգանքը բողոքարկել էր դատարանում: Ասել է թե՝ պատգամավորը դատարանի միջոցով է փորձում պայքարել հարկային ծառայության դեմ: Ինչ հանգուցալուծում կունենա պատգամավոր եւ ֆինանսների նախարարություն վեճր, դժվար է ասել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշոտ Աղաբաբյանը հարկային այս տուգանքը «գործ սարքել» էր համարել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 9-ին Աշոտ Աղաբաբյանը, դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջում է, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը հարկադրեն կատարել պայմանագրային պարտավորությունները:
Ի՞նչ պայմանագիր է կնքել պատգամավորը ընկերության հետ, եւ ընկերությունը պայմանագրով նախատեսված ի՞նչ պարտավորություններ է ստանձնել ու չի կատարել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ Աշոտ Աղաբաբյանի՝ դատարանում լիազոր ներկայացուցիչ Գոռ Մաթեւոսյանից: Ըստ նրա` այս պատմության մեջ ընկերության մեղքը չկա. «Վթար է տեղի ունեցել, «Ինգո Արմենիան» ուղարկել է փորձաքննության եւ տվել է, որ մեր մեքենան սխալ է եղել, հիմա մենք կրկնակի փորձաքննություն ենք միջնորդել, որպեսզի իրականացվի, եթե փորձաքննությունը կտա, որ մենք ճիշտ ենք, ուրեմն «Ինգո Արմենիան» կհատուցի, եթե կտա, որ սխալ ենք, ուրեմն մենք մեր հայցից կհրաժարվենք, եւ ընկերությունը մեզ կհատուցի»:
Դատելով լիազոր ներկայացուցչի պատասխանից՝ Աշոտ Աղաբաբյանին պատկանող մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, ըստ էության, վթարի սխալ լինելու մեջ պատգամավորին է մեղադրում եւ հրաժարվում է փոխհատուցում տալ: Աշոտ Աղաբաբյանն էլ իր կրած վնասը հատուցելու համար դատարան է դիմել:
Իսկ, ահա, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Երեւան քաղաքի Օրբելի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում (այսուհետ` Ընկերություն) ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրված Skoda մակնիշի տրանսպորտային միջոցի եւ Աշոտ Աղաբաբյանին սեփականության իրավունքով պատկանող, Տ. Ք.-ի կողմից վարած Mercedes Benz G55 մակնիշի տրանսպորտային միջոցի մասնակցությամբ. «Պատահարի կապակցությամբ Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցչի կողմից Ընկերությանը ներկայացվել է ապահովագրական հատուցում ստանալու դիմում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պատահարով ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից վարչական վարույթ չի իրականացվել, ուստի վերը նշված պատահարում մեղավորության աuտիճանը որոշելու նպատակով Ընկերությունը, առաջնորդվելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակել է դատաավտոտեխնիկական եւ դատատեսաձայնագրային փորձաքննություն: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ փորձաքննությունը հնարավորինս համակողմանի եւ օբյեկտիվ իրականացնելու համար, բացի ճանապարհային ոստիկանության կողմից կազմված նյութերից եւ դեպքի վայրի լուսանկարներից, Ընկերության կողմից փորձաքննությունն իրականացնող մարմնին ներկայացվել են նաեւ պատահարի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները»:
Արդյունքում, ըստ ընկերության ներկայացրած պարզաբանման` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ լուսացույցի կանաչ ազդանշանի առկայության պայմաններում մուտք գործելով խաչմերուկ, ճանապարհը չզիջելով տվյալ պահին խաչմերուկի ներքին գոտում գտնվող Skoda մակնիշի ավտոմեքենային, թույլ է տվել ՃԵԿ-ի 94-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանով իսկ պայմանավորել տվյալ ընդհարման առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից. «Հիմք ընդունելով փորձաքննության արդյունքները, Ընկերության կողմից կայացվել է որոշում՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին: Համաձայն չլինելով Ընկերության որոշման հետ՝ Աշոտ Աղաբաբյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հատուցման մերժման որոշումը բողոքարկելու պահանջով: Քանի որ Ընկերության որոշումը հիմնված է եղել փորձաքննության արդյունքների հիման վրա, դատական գործընթացում Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՃՏՊ հանգամանքների եւ դատատեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին: Այժմ դատարանը քննարկում է միջնորդությունը բավարարելու կամ մերժելու հարցը»:
Այն, որ ապահովագրական ընկերություններն ամեն ինչ անում են՝ քաղաքացիների գումարը չտալու, ուշացնելու եւ «քթերից բերելու» աստիճանի հասցնելով փոխհատուցումը փոխանցելու համար, վաղուց հայտնի իրողություն է: Բայց որ նաեւ պատգամավորներն են ԱՊԱ-ներից «քաշվածները», դա արդեն հետաքրքիր է: Նշենք, որ ԱՊՊԱ-ների պարտադիր դարձնելն ու նրանց ինքնիրավչությանը հասնող լիազորություններով օժտելու մասին օրենքները ընդունել են հենց պատգամավորները: Եւ ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ հիմա թող քաշեն, ու հոգիները դուրս գա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
4 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՀԱՑԱԴՈՒԼ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆ
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ում իրավիճակը սրվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 4 դատապարտյալներ պատրաստվում են հացադուլ հայտարարել:
Մեզ հաջողվեց պարզել, որ այն դատապարտյալները, որոնք մտադրություն ունեն դիմել այդ ծայրահեղ քայլին, գտնվում են այն նույն խցում, որտեղ իր պատիժն է կրում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով 15 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանը:
Ի՞նչ է տեղի ունենում Վանաձորի ՔԿՀ-ում: Այս հարցի պատասխանը փորձեցինք նախ ստանալ Խաչատուրի մորից՝ Վալենտինա Պողոսյանից: Նա հաստատեց տեղեկությունը. «Չգիտեմ, թե ինչ խնդիր կա, կոնկրետ ինչի համար են այդ խցում գտնվողները պատրաստվում հացադուլ հայտարարել, սակայն միայն լուրջ իրավիճակի դեպքում նրանք կարող էին գնալ այդ քայլին: Ինձ հիմա ավելի շատ մտահոգում է իմ որդու առողջական վիճակը: Նա տառաում է շաքարային դիաբետով եւ եթե հացադուլի դիմի ու մի կտոր բան չդնի իր բերանը, ապա կոմայի մեջ կընկնի: Մենք որեւէ կերպ չենք կարողանում հասկանալ նրանց այդ քայլի պատճառը»:
Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանի մասնակցությամբ օրեր առաջ ՔԿՀ-ում միջադեպ էր տեղի ունեցել, եւ ՔԿՀ-ի ղեկավարությունը որոշել էր նրան տեղափոխել պատժախուց: «Ժողովուրդ»-ը դատապարտյալի մորից փորձեց հետաքրքրվել, թե արդյո՞ք հացադուլը պայմանավորված է տեղի ունեցած միջադեպով, Վալենտինա Պողոսյանը պատասխանեց .«Չեմ կարծում, որ դա կապ ունի այդ միջադեպի հետ, քանի որ այդ պատմությունը անցել, գնացել է, իսկ տղաներին արդեն պատժախցից հանել են: Ավելին ասեմ Ձեզ՝ իմ որդու հետ կռվի մտած տղային էլ տեղափոխել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ»:
Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆ
ԵՏՄ մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, ՀՀ տարածքում հայկական բիզնեսը կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա: Այս որոշումը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության, ուժի մեջ է մտել 2014 թվականի մայիսի 16-ին: ԵՏՄ ապրանքների մեծամասնության համար, որոնց վրա տարածվում են անվտանգության պահանջներ, 2 տարվա հաշվարկը կսկսվի 2016 թ. հունվարի 1-ի համար: Իսկ որոշների համար էլ, օրինակ՝ կահույք կամ անվադող, նոր պահանջները պարտադիր կդառնան համապատասխանաբար 2019 եւ 2022 թվականներից: Անցումային ժամանակաշրջանում Հայաստանի տարածքում ԵՏՄ ապրանքների հետ միասին կարող են շրջանառվել ներկրված կամ տեղում արտադրված ապրանքներ, որոնք համապատասխանում են ազգային օրենսդրությանը: Այն ապրանքների համար, որոնց համար ազգային օրենսդրությանը համապատասխանող անվտանգության պահանջներ սահմանված չեն, անցումային շրջանը 1 տարի է կազմում:
ՌՈՒՍՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԵՆ
Ռուսաստանը ալկոհոլի չարաշահման հետ կապված մահացության ցուցանիշով (30 տոկոս), ինչպես նաեւ՝ երիտասարդության շրջանում հարբեցողության աճի տեմպերով առաջին տեղն է գրավում աշխարհում: Այս մասին նշված է Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության (OECD) հաշվետվությունում, ըստ որի՝ Ռուսաստանում ալկոհոլի չարաշահման պատճառով տարեկան մահանում է 500.000 մարդ:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Առողջապահության նախարարությունը երեկ ամփոփել է հունվարի 1-ից Հայաստանում իրականացվող սքրինինգային ծրագրի 4 ամիսների արդյունքները: Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված այս ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը ներկայացրել է հետեւյալ վիճակագրությունը. «Մեր երկրում հիվանդացությունների 80%-ը ոչ վարակիչ հիվանդություններն են, որից 50%-ը՝ սրտանոթային հիվանդությունը, 20%-ը՝ չարորակ նորագոյացությունները, 5%-ը՝ շաքարային դիաբետը: Այս ծրագիրը մեկնարկել է 2015-ի հունվարի 1-ից եւ մայիսի 1-ի դրությամբ իրականացվել են արյան գլյուկոզային մակարդակի մոտ 56 հազ. հետազոտություն, 80 հազ. զարկերակային գերճնշման եւ ՊԱՊ քսուքի 7150 հետազոտություններ»: