ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՀՈՒՆՉ ԼԻՆԻ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ամփոփվեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում 20 երկիր ներկայացված էր նախարարների մակարդակով:

Գագաթնաժողովի շրջանակներում «Ժողովուրդը» զրուցել է Եվրոպայի խորհրդարանում Բոլոնյան գործընթացի վերաբերյալ ստվերային զեկուցող, «Greens/EFA group»-ի անդամ էռնեստ Մարագալլի հետ:
-Հայաստանում շատերը դեմ էին 12-ամյա կրթությանը, անգամ մեր որոշ պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան կրթության նման ձեւաչափի անցման կապակցությամբ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ԵՄ-ն հորդորում Հայաստանին անցնել 12-ամյա կրթական համակարգին:
-Կարծում եմ՝ մենք պետք է հայերին շնորհավորենք նման քայլ կատարելու համար, քանզի կարծում եմ, որ հենց Բոլոնյան համակարգն է կառուցում հայ երիտասարդության համար լավագույն ապագան, իսկ կրթությունը պետության համար լավագույն հիմքն է: Շնորհիվ Բոլոնյան համակարգի՝ մասնավորապես երեխաները դպրոց են գնում այնքան շուտ ու այնքան երկար, որքան հնարավոր է՝ ստանալով որակյալ տարրական, միջին ու միջնակարգ կրթություն: Կարծում եմ՝ հենց սա է ավելի օրինական, ավելի ժողովրդավար պետություն կառուցելու հիմնական գործիքը:
-Ի՞նչ մարտահրավերների են հանդիպել այն պետությունները, որոնք արդեն անցել են 12-ամյա կրթության:
-Գլխավոր մարտահրավերը եղել է համապատասխան, լավ պատրաստված ուսուցիչներ գտնելը, ովքեր կկարողանային համապատասխան կրթություն տալ: Իսկ սա նշանակում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները եւս պետք է աշխատեն այս նպատակի համար: Ողջ Եվրոպայի կրթական համակարգի խնդիրն է համատեղ դարձնել սոցիալականացումը գլոբալիզացիայի հետ, որն առնչվում է բոլորին: Սակայն այս ամենն անհրաժեշտ է անել այնպես, որ հնարավոր լինի առաջարկել նույն որակը, նույն հասանելիությունն ու նույն արդյունքը բոլոր ուսանողների համար:
-Իսկ հիմա կցանկանայի ավելի ընդհանրական հարց տալ: Փաստացիորեն աշխարհում նվազել է ինտելեկտի մակարդակը…
-Ես այդքան էլ դրանում վստահ չեմ…
-Նկատի ունեմ, որ ցանկացած ոլորտում գերիշխում են տեխնոլոգիաները: Այս հարցին անգամ World forum of democracy-ի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ այսօրվա երիտասարդությունը դժվարանում է սեփական միտքը շարադրել ու աշխարհում մտքի պակաս է զգացվում: Ի՞նչ է անում համաշխարհային կրթական համակարգը՝ այս բացը լրացնելու համար:
-Եթե այս իմաստով, ապա սա նշանակում է, որ մենք պետք է վերանայենք ինովացիոն համակարգերի մեթոդներն ու բովանդակությունը, քանի որ աշակերտները դպրոցից դուրս այլ արտաքին տեղեկատվություն են ստանում հանրությունից, մամուլից, տեղեկատվական տեխնոլոգիաներից, համացանցից, որոնք բացասական ազդեցություն են ունենում: Այնպես որ, դպրոցը պետք է ստեղծված այս նոր իրավիճակին համընթաց գնա ու չմնա հին դասագրքերով, դասավանդման հին մեթոդներով ու բովանդակությամբ, որոնք միայն զուտ տեսական գիտելիքներ են փոխանցում: Երիտասարդներն այժմ գտնվում են այդ ամենի ազդեցության տակ: Մենք շատ դրական միտումներ ենք նկատում աշխարհի տարբեր ծայրերից, որտեղ ականատես ենք լինում կրթության բարձր որակի, այդպիսի երկրներից են Ֆինլանդիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Կանադան: Այնպես որ, մենք շատ այլ օրինակներ ունենք, երբ հնարավոր է եղել հակազդել այդ բացասական ազդեցությանը: Սակայն մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ անցնելու այս նոր ինովացիոն դպրոցի համակարգին, որը կօգնի ավելի հեշտ հարմարվել գլոբալ փոփոխություններին:
-Եվ վերջին հարցը, որո՞նք են Բոլոնյան համակարգի առավելությունները:
-Կարծում եմ՝ դրա առավելությունները մենք դեռեւս պետք է տեսնենք: Բոլոնյան համակարգն ընդամենը 15 տարի է, որ կիրառվում է: Այնպես որ, դեռեւս շատ երկրներ կան, որոնք հետ են մնում սահմանված մակարդակից:
-Իսկ կա՞ն երկրներ, որոնք հասել են սահմանված մակարդակին:
-Այո՛, ինչու ոչ: Լավագույն կրթական համակարգ ունեն, օրինակ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, սակայն պետք է նշեմ, որ սա նաեւ կախված է պետության ֆինանսական կարողությունից, այնպես որ, սա չափազանց հարաբերական է:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆԸ

 

 

 

 

ԲՈՂՈՔԻ ՄԵԾ ԵՐԹ՝ ԸՆԴԴԵՄ ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ

«Ոչ թալանին» համակարգող խումբը մայիսի 27-ին պատրաստվում է բողոքի մեծ երթ անցկացնել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացմանը: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:00-ին:

Ի դեպ, «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը նախորդ տարի է ստեղծվել՝ սոցիալական անարդարությունների եւ թալանի դեմ պայքարելու համար, առաջին հարցը, որ խմբի անդամները բարձրացրել են, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է եղել: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Լուսավորենք խավարը» խորագրով բողոքի ակցիաներ է անցկացրել: Նախորդ տարի բողոքի ակցիան կազմակերպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր Երեւանի բնակիչներին կոչ էին անում իրենց բողոքն արտահայտել` ակցիայի ընթացքում անջատելով իրենց բնակարանների լույսը: Սակայն նախաձեռնող խմբի անդամներին այդպես էլ չհաջողվեց կանխել նախորդ տարի տեղի ունեցած էլէներգիայի սակագնի բարձրացումը:
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ պայքարող մի խումբ քաղաքացիներ, որոնք ձեւավորել են «Ոչ թալանին» նախաձեռնությունը, նախօրեին Ազատության հրապարակում հանրային քննարկում էին կազմակերպել՝ էլէներգիայի թանկացումը կանխելու գործողություններ մշակելու նպատակով:
«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք ընտրել են փողոցային պայքարը եւ այսպես փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի կանխեն էլեկտրաէներգիայի թանկացումը: Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ էլէներգիայի թանկացմամբ Հայաստանում արտագաղթի տեմպերը կաճեն, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կթանկանան:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մոտ օրերս հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պահանջով:
Այսպիսով, ՀԷՑ-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ: Այսինքն՝ ընկերությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

90 ՏՈՒՆ ՍՈՂԱՆՔԻ ՏԱԿ Է
Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում սողանքային գոտի կա, որը պարբերաբար ակտիվանում է: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք շուրջ մեկ ամիս տեւած անձրեւներից հետո սողանքային գոտին վերստին չի ակտիվացել: Գյուղապետը հայտնեց, որ իրենք կարողացել են գտնել սողանքային գոտու ստորգետնյա ջրի հոսքի տեղը եւ կատարել ջրահեռացում: Այդ գործում աջակցել է ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը, որը 27 մետր խորությամբ հորատանցք է բացել եւ ջրահեռացումից հետո այդտեղ ջրի մակարդակի բարձրացումը արձանագրող ավտոմատ սարքեր տեղադրել: Ա. Ղազարյանը հայտնեց, որ գյուղում կա սողանքի հետեւանքով վթարայնության տարբեր աստիճան ունեցող 90 տուն: 1997-1998թթ. դրանցից 7-ի տերերին պետբյուջեից դրամական աջակցություն է ցուցաբերվել, վերջիններս նոր տեղում տուն են կառուցել կամ գնել: Իսկ 3 տարի առաջ սողանքից տուժած մի ընտանիքի էլ պետբյուջեից 5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է տրվել: Նշենք, որ Տավուշի մարզում շատ են սողանքները, դրանք ակտիվ են հատկապես Դիլիջանում, Գոշում, Հովքում եւ այլ բնակավայրերում:

 

ԲԱՂՆԻՔԻ ՊԵՏՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ
Տավուշի Նորաշեն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Արման Խանաղյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բաղնիքի պետ, պայմանագրային զինծառայող, 2015թ. հունվարի 23-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, նույն զորամասի լվացքատանը, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային պահանջները, սպիտակեղենը հանձնելու հարցի շուրջ վիճաբանել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա ձախ հոնքին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Ա. Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննությունը սկսելը, Ա. Խանաղյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Օրերս Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Խանաղյանին մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածով եւ դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս