Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով առաջիկայում Հայաստանում կթանկանա նաեւ ձկնամթերքը: Թե ինչպիսի բացասական հետեւանքներ կունենա սակագնի թանկացումը ձկնաբուծության ոլորտի վրա, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի նախագահ Արմեն Բունիաթյանը:
-Պարո՛ն Բունիաթյան, Էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացումը՝ այս անգամ 17 դրամով, ինչպիսի ազդեցություն կունենա ձկնաբուծության ոլորտի վրա:
-Սարսափելի վատ հետեւանքներ կթողնի: Այստեղ էլեկտրաէներգիայի դերը շատ մեծ է. մենք շատ մեծ ծախսեր ենք անում, որովհետեւ հիմա ջրի խնայողության նպատակով անցել ենք էլեկտրական սարքավորումներին եւ շատ մեծ քանակի հոսանք ենք օգտագործում:
-Ջրի խնայողությանն անցնելը կապվա՞ծ է ապօրինի հորերի փակման, լուծարման հետ:
-Այո՛, որովհետեւ Արարատյան դաշտավայրում ապօրինի հորերի պատճառով արդեն ջուր չկար: Այն օր օրի պակասում էր: Երբ երկրի նախագահի հրամանով բնապահպանության նախարարությունը սկսեց դրանք փակել, լուծարել, որը ճիշտ քայլ էր, մենք ստիպված սկսեցինք էլէներգիայով աշխատող սարքավորումներով արտադրությունը պահել: Իսկ հիմա փաստորեն ՀԷՑ-ը պահանջում է 40 տոկոսով էլէներգիան թանկացնել: Ինչի արդյունքում, բնականաբար, շատ մեծ վնասներ կունենանք:
-Այսինքն` ձկնամթերքի շուկայում սպասենք թանկացումների՞:
-Բնականաբար, ե՛ւ մեր արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա, ե՛ւ տնտեսությունները կդժվարանան նախկին գներով ձուկ արտադրել: Ինչն էլ նրանց կտանի քայքայման:
-Այս խնդրի լուծման նպատակով դիմելո՞ւ եք գյուղատնտեսության նախարարություն: Գուցե՞ արտոնություններ տրվեն ձկնաբույծներին:
-Գյուղատնտեսության նախարարությանը դիմենք-չդիմենք, միեւնույն է՝ նրանք ընդհանրապես քնել են: Չգիտենք, թե ինչ պետք է անենք:
-Հաշվարկե՞լ եք, թե որքան է կազմում մեկ ձկնաբուծարանի սպառած էլեկտրաէներգիայի ամսական վարձը:
-Տարբեր են: Օրինակ՝ ձկնաբուծարանների սպառած էլէներգիայի վարձը կարող է կազմել 1 մլն դրամից մինչեւ 5 մլն դրամ ամսական: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, երբ 40 տոկոսով էլէներգիայի սակագինը թանկանա:
-Պարո՛ն Բունիաթյան, վերջերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցիք, որ 1 կգ ձուկը 100-200 դրամով էժանացել է: Դա ինչի՞ հետեւանք է:
-Այո՛, տեղական շուկայում լճացում է: Ձկնաբույծները չեն կարողանում արտահանել: Այս օրերին էլ նրանք նույնիսկ ինքնարժեքով են վաճառում ձուկը: Սա էլ իր հերթին է նպաստում, որպեսզի տնտեսություններն ավելի արագ կործանվեն:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ տեղական արտադրողները չեն կարողանում ձուկ արտահանել: Ռուսակա՞ն կողմի հետ է կապված խնդիրը:
-Պատճառները տարբեր են: Ռուսաստանի բնակիչների գնողունակությունն ընկել է, բացի այս՝ ռուբլու արժեզրկման հետ կապված վաճառքն է թուլացել: Արտահանման մասով մենք խնդիրներ ունենք, մեր ձուկը թանկ է, ինքնարժեքը բարձր է, մրցունակ չենք ո՛չ թուրքական, ո՛չ հունական, անգամ ո՛չ էլ Չիլիի, Պերուի ձկնամթերքի հետ: Սակայն սրան զուգահեռ՝ մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արտադրողները ստիպված լինեն կրկին իրենց արտադրանքի ինքնարժեքը բարձրացնեն: Արտահանումն անհնար է, իսկ դրա չլինելու դեպքում էլ մեր տեղական շուկան փոքր է, չենք կարող արտադրանքն իրացնել: Եղած տնտեսություններն էլ կփակվեն: Այս տարվա դրությամբ կան ձկնաբուծարաններ, որոնք փակվել են: Չեն կարողանում աշխատել: Եթե ինքնարժեքով ձուկ վաճառեն, որքան ժամանակ կարող են դիմանալ: Սրա հետ մեկտեղ ունեն նաեւ վարկային պարտավորություններ: Տնտեսությունը պետք է եկամուտ ունենա, որպեսզի կարողանա գոյատեւել:
-Բացի էլեկտրականությունից՝ այլ տարբերակ չկա՞ ձկնաբուծարանն աշխատեցնելու համար:
-Այլ տարբերակ հնարավոր չէ, իսկ գազով մենք պարզապես չենք աշխատում: Բացի էլէներգիան, խոսակցություններ կան, որ շուտով կթանկանա նաեւ ջրի գինը: Նախորդ տարի թանկացրեցին, այս տարի էլ նույնկերպ կվարվեն: Ջուրը՝ մի կողմից, հոսանքը՝ մյուս կողմից, չեմ հասկանում՝ ինչ անենք:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ