ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ Կառավարության շենքի առջեւ
Նստացույց հայտարարած նաիրիտցիներին նույնիսկ եղանակային վատ պայմանները չեն խանգարել շարունակել նստացույցը: Երեկ armlur.am-ի հետ զրույցում աշխատակիցներից տիկին Գայանեն նշել է, որ գիշերն անցել է առանց որեւէ միջադեպի, ոստիկանների կողմից որեւէ խոչընդոտ չի գրանցվել: Նաիրիտցիներն իրենց նստացույցը ավարտել են երեկոյան, իսկ երեքշաբթի օրը կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց:
ՀԱՐՑ. Կորցրել եմ ճամփորդական անձնագիրս: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող եմ վերականգնել այն: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որքա՞ն գումար պետք է վճարեմ, եւ ի՞նչ ժամկետում կտրվի այն:
Քնար Սարգսյան (25 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քնար Սարգսյանին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք նոր ճամփորդական անձնագիր ստանալու համար, եթե հանդիսանում են իգական սեռի ներկայացուցիչ, պետք է ներկայացնեն իրենց անձնագիրը եւ սոցիալական քարտը, իսկ արական սեռի ներկայացուցիչները՝ նաեւ իրենց զինվորական գրքույկը: Նոր ճամփորդական անձնագիր ստանալու համար պետք է վճարել 3000 դրամ նույնականացման քարտի եւ 25.000 դրամ կենսաչափականի համար: Սա վերաբերում է ոչ միայն ճամփորդական, այլեւ սովորական անձնագրերին: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորցրել է իր անձնագիրը, նա պետք է դիմում ներկայացնի՝ նոր անձնագիր ստանալու համար եւ վճարի 25.000 դրամ:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ստացվում է, որ եթե նախկինում կորցրած անձնագիրը վերականգնելու համար անհրաժեշտ էր պարզապես դիմում գրել եւ անվճար ստանալ այն, հիմա քաղաքացիները ստիպված են լինելու 25.000 դրամ վճարում կատարել: Սա էլ նոր ընդունված օրենքների նման բխում է ոչ թե քաղաքացիների շահերից, այլ ճիշտ հակառակը:
ՀԱՐՑ. Ունեմ շինություն, որը ենթակա է քանդման, բայց մինչ հիմա չեմ կարողանում ստանալ շինարարության թույլտվության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Խնդրում եմ պարզաբանել, թե շինարարության (քանդման) թույլտվությունն ի՞նչ ժամկետով է տրվում:
Արմեն Մնացականյան (54 տարեկան, ղեկավար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Արմեն Մնացականյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությունը տրվում է 2 տարի ժամկետով, եթե տվյալ oբյեկտի շինարարության համար uահմանված նորմերով նախատեuված չեն այլ ժամկետներ:
Գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման եւ բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաuտաթղթերով տվյալ oբյեկտի շինարարության (քանդման) տեւողության նորմերով հաշվարկված ժամկետով (Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 6-րդ կետ):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն, եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ առանց կառուցապատվող՝ տվյալ հողամասում գտնվող շենքի, ապա սահմանված կարգով, տրված շինարարության թույլտվությունը նաեւ քանդման թույլտվություն է: Նշենք, որ սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության՝ օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ: