Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին տուգանել են 30 հազար դրամով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին աղմկել էր, հայհոյանքներ հասցրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը չի հիշում, որ ՀԱԿ ակտիվիստն իրեն հայհոյել է. «Հիմա չեմ հիշում, որ Գասպարին ինձ հայհոյել է: Հիշում եմ, որ ինքը աղմուկ էր սարքում կառավարության դիմաց, մյուս մանրամասները չեմ հիշում: Մարդ եմ չէ՞, կարող եմ մոռացած լինել: Բացի այդ, քինախնդրություն էլ չկա մոտս, որ քինախնդրությամբ զբաղվեմ, թե ինչու 60 չէ, որ 30: Էդ ինձ քիչ է հետաքրքրում»: Ստացվում է, որ մարդը, ում վիրավորելու համար դատարանը վճիռ է կայացրել, ոչ միայն մոռացել է հասցված վիրավորանքը, այլեւ քինախնդրություն չի դրսեւորում: Հետաքրքիր է՝ դատավոր Մխիթար Պապոյանը մուրճը սեղանին հարվածելուց առաջ հաշվի առե՞լ է այս հանգամանքը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ