Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ օրեր առաջ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հանդեպ: Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղն այդ մարդիկ կրկին հավաքվելու են Բաղրամյան 26-ում և պատգամավորներին կոչ արեց միանալ նրանց ակցիային:
«Վստահ եմ, որ բոլորդ տեսել եք Youtube-ում հայտնված այն կադրերը, որտեղ Բաղրամյան 26-ից ոստիկանները ասֆալտի վրա քարշ էին տալիս այն ծնողներին. որոնց որդիները զոհվել են բանակում: Սա որերորդ դեպքն է արդեն: Այստեղ իշխանությունները երկու խախտում են կատարում` մեկն իրավական առումով, մեկն էլ, երբ խախտում են հավաքների մասին օրենքը», – նշեց Մանուկյանը:
Նրա խոսքով, ոստիկանությունը պարտավոր է նման ցույցերի բնականոն ընթացքը: Սակայն պատգամավորը նշեց, որ ոստիկաններն այստեղ խախտել են օրենքը: «Ես գնահատում եմ ոստիկանների և նրանց հրաման տվողների արածը վայրագություն, խուժանություն: Մի քանի հոգի, որոնք վտանգ չէին կարող ներկայացնել, նրանց հետ վարվում են այդպես խուժանավարի: Այս ամենը խայտառակում է բոլորիս», – հավելեց նա: