Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել բժշկական և հոգեկան աջակցություն. Հայկ Գրիգորյանը` Զարուհի Փոստանջյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ուղղված խոսքերին անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր, Սյունիքի մարզպետի հովանավորյալ Հայկ Գրիգորյանը, ով օրեր առաջ կոշտ էր արձագանքել Փոստանջյանի խոսքերին: Նշենք, որ այս թեմայով թեժ վիճաբանություն էր եղել նաև Սեյրան Սարոյանի և Զարուհի Փոստանջյանի միջև:

Հայկ Գրիգորյանը նշեց, թե չէր ցանկանում այսօր ելույթ ունենալ, սակայն գործընկերոջ ելույթը լսելուց հետո որոշեց խոսել: «Տեսնելով, թե իմ գործընկերներից մեկն ինչպես է զարկ տվել իր մթագնած երևակայությանը, չեմ կարող չպատասխանել նրան: Դահլիճում կան հատուկենտ մարդիկ, ովքեր շունչները պահած սպասում են, որ Սյունիքում մի դեպք տեղի ունենա, և նրանք էլ սկսեն իրենց նեխած մտքերը կամ Գյուլնյազ տատի մտքերը փոխանցեն հանրությանը», – այսպես սկսեց իր խոսքը երիտասարդ պատգամավորը:

Նա նշեց, որ Գորիսում տեղի ունեցած դեպքերն անընդունելի են ու դատապարտելի և հավելեց, որ հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է պատժվի: «Սակայն դատապարտել բառն իմ որոշ գործընկերների մոտ դարձել է փնովել բառի հոմանիշը: Իմ գործընկերն ամեն ինչ անում է, որ մարզպետի որդուն դարձնի մեր ժամանակների հակահերոս: Նման բան միայն նրա ճղճիմ մտածելակերպի արգասիքն է», – հավելեց նա:

Գրիգորյանը կոչ արեց վերջ տալ քաղաքական դիվիդենտներ շահելու այս սովորությանը: Նա ընդգծեց` եթե պարզվի, որ  որդին անմեղ է, պատրա՞ստ են ներողություն խնդրել: «Ինձ անհանգստացնում է նաև իմ գործընկերներից մեկի հոգեկան և մտավոր վիճակը: Մարդասիրությունը նշանակում է կարեկցել հոգեկան խնդիրներ ունեցող որոշ մարդկանց: Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել  համապատասխան բժշկական և հոգեկան  աջակցություն», – հավելեց նա:

Պատգամավորը ընդգծեց, որ այս ամենը նպատակ ունի տվյալ պատգամավորի ընտանիքում նորմալ մթնոլորտ ձևավորել:

Նիստից հետո ԱԺ միջանցքում Գրիգորյանը հրաժարվեց պարզաբանել իր ելույթը նիստի ժամանակ ու շարունակեց վիրավորանքներ տեղալ՝ այս անգամ լրագրողների հասցեին:




Լրահոս