ՉԻ ՀԻՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մխիթար Պապոյանի նախագահությամբ վճիռ է կայացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին տուգանել 30 հազ. դրամով (թեեւ մեղադրող դատախազ Արմեն Աֆանդյանն առաջարկել էր տուգանել առավելագույն՝ 50 հազ. դրամի չափով):
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ: Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Վ. Գասպարին աղմկել է, հայհոյանքներ հասցրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Ալիկ Սարգսյանի հետ՝ պարզելու՝ ինքը հիշում է արդյոք, որ Գասպարին իրեն հայհոյել է ու հիմա էլ տուգանվել ընդամենը 30 հազ. դրամով: «Հիմա չեմ հիշում՝ Գասպարին ինձ հայհոյել է, թե ոչ: Հիշում եմ, որ ինքը աղմուկ էր սարքում կառավարության դիմաց, մյուս մանրամասները չեմ հիշում: Մարդ եմ չէ՞, կարող եմ մոռացած լինել, ես այդքան ինֆորմացիա չեմ կարող հիշել: Վ. Գասպարիի հետ կապված միայն այդ դեպքն եմ հիշում, հիշում եմ, որ քաշքշուկ էր սարքել կառավարության մոտ, մարդկանց վիրավորում էր, «անասուննե՛ր» էր բղավում, բայց հայհոյա՞նք: Ինձ ոչ մեկն էլ հայհոյանք չի տվել, չեմ կարող հիշել»,-ասաց Ա. Սարգսյանը:
Հարցին, թե Ձեզ «բավարարված» զգում եք կայացված վճռից, պատասխանեց. «Դատարանը եթե որոշել է 30 հազ. տուգանել, ես ի՞նչ կարող եմ ասել: Վ. Գասպարիի հետ կապված՝ ես ընդհանրապես ճշտելու, պարզելու, հետագա պատմությունների մեջ մտնելու ոչ մի բան չունեմ: Մենք իրար հետ ոչ մի կապ չունենք: Այդպես քինախնդրություն էլ չկա մոտս, որ քինախնդրությամբ զբաղվեմ՝ ինչու 60 չէ, որ 30: Էդ ինձ քիչ է հետաքրքրում: Քուրի՛կ ջան, ես չեմ որոշում, դատարանն է որոշում, դատարանների որոշումները ես չեմ քննարկում ընդհանրապես»:




Լրահոս