ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋ ՄՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Երեկ էլ այս հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ տեղեկացնելով. «Համանախագահները ընդգծեցին կողմերի միջեւ լարվածությունը մեղմելու կարեւորությունը: Նրանք ներկայացրին խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված աշխատանքային առաջարկի վերաբերյալ իրենց գաղափարները: Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը: Նախարարները եւ համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում»:
Նկատենք, որ վերջին շրջանում ԼՂ խնդրի բանակցությունները կարծես թե մղվել են երկրորդ պլան: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման սկանդալից հետո սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր: Իսկ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւն այս տարվա մեջ առաջին ու վերջին անգամ հանդիպել են հունվարի 23-ին Սոչիում: Ու տպավորություն է, որ կողմերը, կրճատելով բանակցային հանդիպումները, նվազեցրել են հակամարտության լուծման ուղղությամբ ջանքերը: Իսկ եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում, իսկ 2013թ. ՀՀ-ում ու Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ, չի բացառվում, որ ներքաղաքական այս խնդրում դեռ տեւական ժամանակ որեւէ լուրջ տեղաշարժ չլինի:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ տեսակետ է հայտնել, որ Սաֆարովի արտահանձնման սկանդալից հետո տեղի ունեցած հանդիպումը փորձություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության համար: Ըստ նրա՝ այդ հանդիպումից պետք չէր ոչինչ ակնկալել: «Հայաստանը ճիշտ արեց, որ դուրս չեկավ բանակցային գործընթացից: Բայց Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ու քանի դեռ նա բանակցային գործընթացին չի մասնակցում, նոր բան ակնկալելու կարիք չկա»,-նշել է նա:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կասկած հայտնեց, որ համանախագահների առաջարկը որեւէ թարմություն կմտցնի գործընթացում: «Բանակցային սեղանին կա փաստաթուղթ՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Դատելով այն հանգամանքից, որ այս տարի 9 ամիս շարունակ կողմերի միջեւ բարձր մակարդակով հանդիպումներ չեն եղել, նշանակում է՝ նրանք սկզբունքային տարաձայնություններ ունեն փաստաթղթի վերաբերյալ: Եւ այդ իրավիճակում որքանով համանախագահների առաջարկությունները թարմություն կմտցնեն գործընթացում, ես կասկածում եմ»,-ասաց Կարապետյանը: ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ հավելեց, որ այս տարվա մեջ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւը հազիվ թե նոր հանդիպում ունենան. «Ես այդ հարցում լավատես չեմ»: Վլադիմիր Կարապետյանը նշեց, թե ԼՂ խնդրում դրական տեղաշարժ հնարավոր չէ երկու պատճառով. «Առաջին հերթին Ադրբեջանն է ոչ կառուցողական կեցվածք ընդունել՝ ամեն գնով ցանկանալով վիժեցնել բանակցային գործընթացը: Բացի այդ, Հայաստանի ետընթացը, թուլացումը, շարունակվող արտագաղթը միանշանակ ամրացնում, ամրապնդում է Ադրբեջանի դիրքորոշումը՝ ավելի սաստկացնելու թե՛ ՀՀ շրջափակումը, թե՛ ճնշումները՝ իրենց հարմար տարբերակ ստանալու համար»: Վլ. Կարապետյանը մատնանշեց եւս մեկ կարեւոր հանգամանք՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցումը: «Այն ավելի է կարեւորելու Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունն ու խորացնելու Հայաստանի շրջափակումը»,-նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս