ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՌԱԽՈՍԱԳՈՂԵՐԸ
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980թ. ծնված Հովհաննես Հ.-ն եւ 1963թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը` ժամը 00:05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը եւ բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, թե այնուհետեւ նրանք Արտյոմ Հ.-ին սպառնացել են կատարվածի մասին որեւէ մեկին հայտնելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչից հետո բաց են թողել: Հովհաննես Հ.-ն եւ Գագիկ Հ.-ն ձերբակալված են:

ԻՍԿ ՀԿԿ-Ն Ի՞ՆՉ Է
«Նախագահական ընտրություններին տեղի է ունենալու այն, ինչ տեղի է ունեցել այս 23 տարիների ընթացքում»,-երեկ կանխատեսել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Իր թեկնածության առաջադրման կապակցությամբ, ըստ Թովմասյանի, «կոլեգիալ որոշումներ կայացնող» կուսակցությունը որոշումը կհրապարակի նոյեմբերին կայանալիք ժողովից հետո: Կոմկուսի առաջնորդը նաեւ յուրովի «բացել» է ՀԱԿ հապավումը` ասելով. «ՀԱԿ նշանակում է «Հայ ազգային կատակերգություն»:

ՔՅԱԼՅԱՆ ԵՎ ԴԵՐՈ
ՀՀ ԿԳՆ-ն հայտարարում է բաց մրցույթ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 17-ին: Այս տեղեկությունն ուշագրավ է նրանով, որ մինչեւ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե մրցույթի անցկացումը հետաձգվում է` առողջապահության ներկայիս նախարար Դերենիկ Դումանյանի համար, որպեսզի նախագահական ընտրություններից հետո հնարավոր պաշտոնանկության դեպքում նա կարողանա վերադառնալ նախկին պաշտոնին:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 28-ին Երեւանում տեղի է ունեցել ինքնասպանություն։ 28-ամյա Գեւորգ Բ.-ն եղբոր բնակարանում կախվել է: Երիտասարդն ինքնասպանություն գործելուց առաջ հաղորդագրություն է թողել կնոջը, որտեղ նշել է, որ ինքնասպանություն է գործում հոգեկան խնդիրների պատճառով, եւ որ դրանում ոչ մեկ մեղավորություն չունի։

ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 3 դատապարտյալ շարունակում են հոկտեմբերի 22-ին սկսած   հացադուլը: Նրանք մեկ խցում են, գտնվում են բժիշկների հսկողության տակ եւ առայժմ առողջական լուրջ խնդիրներ չունեն: Հացադուլավորները բողոքում են դատարանների  վճիռների դեմ:

«ՃՈՒՏԻ» ԵՂԲԱՅՐԸ
Անցյալ կիրակի Նալբանդյան եւ Պուշկին փողոցների խաչմերուկում ընդհարվել են  34-ամյա Արմեն Սիրունյանի վարած «Մերսեդես G» մակնիշի 34 ՕP 337 համարանիշի եւ 22-ամյա Մերուժան Բադալյանի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի 10 ՏՏ 072 համարանիշի ավտոմեքենաները: Մ. Բադալյանը ուսի կոտրվածքով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ա. Սիրունյանը Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ, վերջերս մահացած Սուրեն Սիրունյանի եղբայրն է, իսկ հիվանդանոց տեղափոխված Մ. Բադալյանն աշխատում է ԱԱԾ-ում:

ՍՊԱՅԻՆ ՔՈԹԱԿԵԼ ԵՆ
Օրերս ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել: Սպան, խիստ վրդովված, շարել է զինծառայողներին եւ հայհոյել նրանց: Զինծառայողներն էլ, հունից դուրս գալով, հարձակվել են եւ ծեծի ենթարկել սպային: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ չորս զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը):




Լրահոս