Եթե ժամանակին Վազգեն Սարգսյանի անվան զորամասի պատասխանատուներ Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին եւ Կյաժ մականունով Արթուր Կարապետյանին օրենքի ողջ խստությամբ պատժած լինեին սպաներից ապօրինաբար վարկ վերցնելու համար, հաստատ մեկ այլ զորամասում այս տարի չէին ստիպի սպային իր անունով կրկին վարկ վերցնել բանկից:
Եւ ահա անպատժելիության մթնոլորտում այս վտանգավոր քաղցկեղի մետաստազները տարածվեցին նաեւ Արայիկ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Ըստ մեղադրական եզրակացության` վերջինս էլ հենց այդ արատավոր երեւույթի «շիթիլ» անողներից է, ինչպես նրա ենթակա հրամանատարը, բայց արդեն մեկ այլ վատ երեւույթի:
33-ամյա Սամվել Ղալաչյանն օրինազանց շեֆից լավ բան չի սովորել. ծառայելով Արմավիրի մարզի զորամասերից մեկում որպես զորամասի արգելափակման-արգելաբացման վաշտի հրամանատար, կոչումով` կապիտան, որոշել է իր պետ լինելու հանգամանքը բռունցքներով ապացուցել: 2012-ի մայիսի 3-ին վերջինիս հրամանատարության ներքո գտնվող վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Վրեժ Մինասյանն ինչ-որ առիթով համարձակվել է Ղալաչյանին հակաճառել: Վերջինս էլ զորամասի ավտոհավաքակայանում իր՝ պետի գերակայությունն ի ցույց դնելու համար հարձակվել է Վրեժի վրա` վրեժ լուծելու. բռունցքով այնպես ուժգին է հարվածել զինվորի դեմքին, որ նա մարմնական վնասվածքներ է ստացել: Քրեական գործում այդ արարքի հետեւանքը արտացոլվել է որպես առողջության թեթեւ վնաս, իսկ արարքը՝ իշխանազանցություն, որով էական վնաս է պատճառվել զինվորական ծառայության կրման սահմանված կարգին (ՀՀ քր. օր.-ի 375 հ. 1-ին մաս):
Այդ դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել նաեւ Սամվել Ղալաչյանի շեֆին` նույն զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ 42-ամյա Արայիկ Հարությունյանին: Վերջինս տեղյակ է եղել, թե որտեղ, ինչու եւ ինչ հանգամանքներում է կապիտանը ծեծել Վրեժ Մինասյանին, բայց իրավապահներին ասել է, թե Վրեժն ընկել ու մարմնական վնասվածքներ է ստացել: Մինչդեռ զորամասի հրամանատարը պարտավոր էր իրականությունը հայտնել իրավապահներին եւ որպես հետաքննության մարմին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հանցագործությունները եւ դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու եւ խափանելու համար: Բայց գնդապետը վիրավոր զինվորին թողել ու նրան վիրավորած կապիտան Ղալաչյանին է օգնության ձեռք մեկնել: Վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելով եւ իր անձնական շահը հաշվի առնելով՝ Ա. Հարությունյանը չարաշահել է պաշտոնական դիրքը եւ ամեն ինչ արել, որ դեպքի հետ կապված հանգամանքները «ջրվեն». նախ ստանձնել է զորամասի կողմից նյութեր նախապատրաստելու պարտականությունը, բայց հետո քրգործի նյութեր պատրաստելու փոխարեն ընդամենը ծառայողական քննություն է նշանակել եւ դրա արդյունքում կազմած եզրակացության մեջ նշել ու իրավապահներին հայտնել, թե զինվորն ընկել է ու մարմնական վնասվածք ստացել: Սակայն հետո իրավապահ մարմինները զորամասի հրամանատարին իշխանազանցության մեղադրանք են առաջադրել, քանի որ նրա արարքն էական վնաս է պատճառել զինվորական ծառայության կրման սահմանված կարգին (ՀՀ քր. օր.-ի 375 հ. 1-ին մաս):
Դրանից բացի, իրավապահները պարզել են, որ գնդապետն այդ դեպքից հետո (եւ գուցե այդ դեպքի հետ կապված) մեկ այլ իշխանազանցություն էլ է թույլ տվել՝ «քրեական բարտեր» է արել. Ա. Ռ. Հարությունյանն իր հրամանատարության ներքո գտնվող զորամասի զինծառայող, բուժծառայության լեյտենանտ Խ. Ս. Պետրոսյանին «առաջարկ-պահանջ» (ինչպես լինում է Հայաստանում` կամավոր-պարտադիր) է ներկայացրել` վերջինիս անվամբ «Արդշինինվեստ» բանկից վարկ ստանալ եւ գումարն իրեն տրամադրել: Փոխարենը գնդապետը լեյտենանտին թույլ է տվել 2 շաբաթ չներկայանալ ծառայության: Թե ինչ կապ կարող է լինել զինվոր ծեծող վաշտի հրամանատարի, նրան հովանավորող զորամասի հրամանատարի եւ բուժծառայության լեյտենանտից իր անունով վարկ վերցնելու հանգամանքների միջեւ, առայժմ կարելի է ենթադրություններ անել: Գուցե բուժծառայության լեյտենանտը, Հիպոկրատի երդմանը եւ զինվորական ծառայությանը հավատարիմ, կատարել է իր մասնագիտական պարտքը եւ օգնություն ցուցաբերել վիրավոր զինվորին: Եւ որպեսզի վերջինս իրավապահների մոտ իրականության վերաբերյալ բերանը շատ չբացի, զորամասի հրամանատարը նրան տուն է ուղարկել եւ ամեն դեպքում նրա անունով վարկը իրենով արել, որ եթե հանկարծ լեյտենանտի պատճառով իրեն դատեն, վարկը փակելու պարտականությունը մնա լեյտենանտի վրա:
Հայտնի չէ` զորամասի հրամանատարը վերադարձրել է Պետրոսյանից վերցրած վարկի գումարները, թե ոչ, բայց հայտնի է, որ նախաքննական մարմինը, չգիտես ինչու, սույն գործով միայն Վ. Մինասյանին է տուժող ճանաչել եւ նրան ու Պետրոսյանին կրկին ուղարկել նույն զորամաս` ստորագրությամբ բաց թողնված 2 հրամանատարների ղեկավարության ներքո: Տեսնենք, թե այս հանգամանքները որքանով կնպաստեն իրականության բացահայտմանն ու արդարադատության կայացմանը: Գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է:
ԾԵԾՈՂ, ՎԱՐԿ ՈՒԶՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ