«Մեր ժողովուրդն ունի երբեմն վտանգավոր չափերի հասնող համբերատարություն». նաիրիտցիների բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Armlur.am-ի խմբագրություն են ուղարկել բաց նամակ՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Նամակը ստորև.

«Մեծարգո պարոն նախագահ

Մենք՝ նաիրիտցիներս, Ձեզ հետ հանդիպելու մի քանի անհաջող փորձերից հետո, որոշեցինք գրել այս նամակը, քանզի մտածում ենք, Դուք չունեք ճշգրիտ և անմիջական տեղեկատվություն ողբալի վիճակում հայտնված «Նաիրիտի» և նաիրիտցիների հարցերի վերաբերյալ: «Նաիրիտ»-ը խրված է մի քանի հարյուր միլիոն դոլլարի հասնող պարտքերի մեջ, իսկ նաիրիտցիներին չի վճարվել ավելի քան տասնութ ամսվա աշխատավարձ:
Ճի՞շտ է այս վիճակը, արդարացի՞ է: Իհարկե ո՛չ:

Տարիներ առաջ գործարանը տրվել էր «Ռանսաթ» ընկերությանը, որի հեռանալուց հետո մենք ունեինք 33 (երեսուներեք) ամսվա չվճարված աշխատավարձերի պարտք, բայց գործարանը շարունակեց աշխատել և մեր պարտքերը շատ կարճ ժամանակահատվածում վճարվեցին: Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա, մենք միշտ մտածել ենք, ոչինչ, մի կերպ կդիմանանք, միայն թե գործարանը աշխատի: Հիմա արդեն այդ հույսը մարել է: Ավելի քան 1700 հոգու սույն թվականի փետրվարի 6-ից ազատեցին աշխատանքից, նետեցին փողոց՝ թողնելով բախտի քմահաճույքին: Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով մեզ ազատեցին աշխատանքից, բայց չէ որ նույն օրենսգրքով դրան պետք է հետևեր վճարումը: Վճարումը չկատարվեց և հասկանալի չէ, թե ինչ օրենքով են առաջնորդվել:

Ճ՞իշտ են արել այդպես վարվելով: Իհարկե ո՛չ, սա արդար չէ՛:
2014 թվականի հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարեց կառավարության՝ «Նաիրիտի» աշխատավարձերի պարտքը իր վրա վերցնելու և մինչև տարեվերջ ամբողջությամբ վճարելու որոշման մասին: Իհարկե ուրախացանք, բայց այդ ուրախությունը երկար չտևեց: Մոտ երկու շաբաթ անց անհասկանալի փոփոխամտությամբ կառավարությունը հրաժարվեց իր որոշումից:

Էներգետիկայի նախարարը արդեն գտնում էր, որ մինչ այդ մեզ վճարել են օրենքի խախտումով և այլևս չեն վճարի, որոնք կատարվում էին 1,5-2,5 ամիսը մեկ անգամ: Այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ ևս ստացանք աշխատավարձ (ճիշտ է 2/3 մասը), բայց չգիտենք, այդ վճարումներն էլ կատարվում էին օրենքի խախտումով, թե առանց խախտման:

Փոխվարչապետը, ով ևս մասնակցում էր Ձեր աշխատակազմի ղեկավարի հետ մեր պատվիրակների հանդիպմանը, պատասխանում է, թե նախարարը՝ հայտարարելով պարտքի մարման մասին, մտածել է, որ հարցը շուտ լուծում կստանա, ցանկացել է նաիրիտցիներին ուրախացնել: Զարմանալի անլուրջ մոտեցում այսպիսի լուրջ հարցի…
Իսկ վարչապետն էլ գործարանի տիրոջ մոտ էր մեզ ուղարկում, ասելով թե բյուջեում փող չկա, ձեր փողերը տիրոջից պահանջեք (ի միջայլոց այդ տեր կոչվածի ստվերն անգամ չեն տեսել), այդ ամենը սկսվել է ոչ իր կառավարման շրջանում և ինքը դրա հետ որևէ կապ չունի: Դրանից որոշ ժամանակ անց կառավարությունը որոշեց ոստիկանության, դատախազության և ֆինանսների նախարարության 28 աշխատակիցների տներ նվիրել, յուրաքանչյուրը 117 հազար դոլար արժողությամբ:

Ճ՞իշտ է արդյոք սա, արդա՞ր է: Նաիրիտցիների կարծիքով՝ իհարկե ոչ: Բայց դե մենք նախանձ չենք: Թող նվեր ստացողի և տներ կառուցողի ու վաճառողի աչքը լույս լինի:
Հավանաբար կան մարդիկ, ովքեր մեր ժողովրդի մտավոր ունակությունների և հասկացողության, ընդհանրապես իմաստնության վերաբերյալ շատ թյուր կարծիք ունեն: Ի հիասթափություն դրանց, ասենք, որ չարաչար սխալվում են: Ուղղակի այդ ամենի հետ միասին մեր ժողովուրդն ունի երբեմն վտանգավոր չափերի հասնող համբերատարություն:

Սույն թվականի փետրվարի 2-ին գործարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարարը կրկին ուրախացրեց նաիրիտցիներիս, որը ևս շար կարճ տևեց: Հայտարարեց, որ նախագահից անմիջական հանձնարարական է ստացել սեղմ ժամկետներում լուծել նաիրիտցիների պարտքերի հարցը: Որքան էլ որ փորձեցինք ճշտել, թե ինչքան է այդ սեղմ ժամկետը իր պատկերացմամբ, չհաջողվեց: «Չգիտեմ, չեմ կարող ասել»: Միայն սա էր նախարարի պատասխանը: Ինչպե՞ս կարող է նա լուծել այդ հարցը, այն էլ սեղմ ժամկետում, երբ պատկերացում անգամ չունի այդ ժամկետի մասին:

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև ցույցեր ենք անցկացրել՝ պահանջելով մեր պարտքերը: 2 ամսից ավելի ժամանակ, սկսած փետրվարի 2-ից, ոչ ոք չբարեհաճեց մի բառ անգամ մեզ ասել, էլ չենք խոսում ընդունելու մասին:

Նաիրիտցիներս գտնում ենք, որ սա էլ ճիշտ չէ:

Ինչու՞ են ձևավորվում կառավարություններ, ու՞մ պետք է ուղղված լինեն և ի՞նչը պետք է լինի նրանց գործունեության հիմնական նպատակը: Անկասկած՝ ծառայելու ժողովրդին, դեպի ժողովուրդը և ժողովրդի համար լավ ու բարեկեցիկ կյանք ապահովելը: Բայց վերաբերմունքը և մոտեցումները հանգեցնում են այն մտքին, որ ոմանք «նախարար» բառը հասկանում և ընկալում են դրա սկզբնական իմաստով:

Տարիներ առաջ կառավարությունը չինական կողմի հետ որոշեց ստեղծել կաուչուկի արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկություն: Հայկական կողմը ներդնում էր կաուչուկի ստացման տեխնոլոգիան և տարբեր սարքավորումներ, այդ թվում գործարանի հոսքագծերից մեկը՝ տարեկան 25 հազար տոննա արտադրողականությամբ: Կառավարության և գործարանի համատեղ որոշմամբ այն գնահատվել էր 5 մլրդ դրամ: Գործարանը դիմել է դատարան և շահել դատը, բայց մինչ այժմ կառավարությունը չի վճարում: Բոլորիս է հայտնի, թե ժողովուրդը այդպիսի դեպքերում ինչպես է կոչում չվճարողին:

Ճ՞իշտ է, արդա՞ր է վարվում կառավարությունը: Իհարկե ոչ, գտնում են նաիրիտցիները;
Հայտնվելով ահավոր վիճակում՝ արդեն 5 տարի է, որ «Նաիրիտ» չի աշխատում: Արդյոք կգտնվեն մարդիկ, ոլորտի մասնագետներ, ովքեր կարող են վստահաբար հայտարարել, որ եթե չլիներ անգամ այդ տեր կոչվածը, ով «Նաիրիտին» քիմիական բնագավառի երբեմնի հսկային, հասցրեց այս ծայրահեղ ողբալի վիճակին՝ փոշիացնելով գրավադրումից ստացած միլիոնավոր դոլարները, միևնույն է «Նաիրիտի» դատապարտված էր և այսօրվա վիճակն էլ՝ անխուսափելի:

Ելնելով այս ամենից մենք համոզված ենք, որ «Նաիրիտի» այս վիճակի համար մեղքի իր մեծ բաժինն ունի կառավարությունը: Դե ուրեմն արդարությունը պահանջում է, որ կառավարությունը իր միջոցներից անմիջապես, և ոչ թե սեղմ ժամկետում, հենց հաջորդ օրվանից սկսած վճարի նաիրիտցիների աշխատավարձի պարտքերը: Վճարի նաև գործարանին այն 5 մլրդ. դրամը, որպեսզի գործարանը ևս կարողանա վճարել նաիրիտցիներին՝ աշխատավարձի ուշացման համար օրենքով նախատեսված տուգանքները:

Կարծում եմ այսպես կլինի ճիշտ և արդար:

Պարոն նախագահ, Վաշինգտոնի մայր տաճարում Ձեր ելույթից հետո, որպես հայ և որպես ՀՀ քաղաքացի հպարտության մեծ զգացում ունեցանք: Հայաստանը՝ ի դեմս իր նախագահի, խոսում էր աշխարհի հետ՝ առաջարկելով ապրել խաղաղության, ճշմարտության և արդարության պայմաններում: Արդ, ինչու Ձեր առաջարկը՝ ճշմարտությունը և արդարությունը, չսկսենք հենց մեր երկրից՝ կիրառելով այն նաիրիտցիների նկատմամբ:

Պարոն նախագահ, ի պաշտոնե Դուք հանդիսանում եք սահմանադրական նորմերի, օրենքի գերակայության, օրինականության, արդարության երաշխավորը Հանրապետությունում: Համոզված ենք, որ Դուք՝ կիրառելով սահմանադրությամբ Ձեզ տրված իշխանությունը, կվերականգնեք Ձեր ընտրողների ոտնահարված իրավունքները, ճշմարտությունը և արդարությունը:

Հ. Գ. Մայիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեց նաև «Նաիրիտի» վերագործարկման հարցը: Էներգետիկայի նախարարը պատասխանեց, որ Համաշխարհային բանկի կողմից գործարանում անցկացված աուդիտի տվյալներով անհրաժեշտ է 350 մլն. դոլար և կասկած հայտնեց, թե արդյո՞ք արտադրվող կաուչուկը կունենա այն որակը, որը պահանջվում է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չէ «Նաիրիտի» վերագործարկումը:

Նշվածը, իհարկե, մեծ գումար է, համաձայն ենք, բայց կուզենայինք իմանալ (հավանաբար ոչ միայն մենք), թե ինչ հիմքով է որակի վերաբերյալ նման կարծիք հայտնում պարոն նախարարը: «Նաիրիտի» կաուչուկը իր որակական հատկանիշներով չի զիջել որևէ այլ երկրում արտադրվածին, իսկ որոշ պարամետրերով նույնիսկ գերազանցել է:
Մեր մասնագետները կազմել և կառավարությանն են ներկայացրել «Նաիրիտի» վերագործարկման 2 ծրագրեր:

Համաձայն հաշվարկների անհրաժեշտ կլինի ընդամենը 50-70 մլն. դոլար:

Եթե կառավարությունը՝ մի կողմ դնելով աուդիտն իր արդյունքներով, առաջնորդվի ժողովրդի և պետական շահերով, ապա ՙՆաիրիտը՚անպայման պետք է վերագործարկվի: Արդյունքում կունենանք պետական բյուջե մուտքագրվող գումարներ, վերաբացված աշխատատեղեր, մարդիկ կունենան աշխատանք, կստանան աշխատավարձ, այսինքն՝ կունենան ապրելու միջոցներ: Իսկ դա քիչ չէ:

Մենք չե՛նք ուզում դառնալ գաղթական»:

Հարգանքներով՝ նաիրիտցիներ

19.05.2015թ.




Լրահոս