Հայաստանի քաղաքացիներին չի զարմացնում հայ քաղաքական գործիչներին կոռուպցիայի մեջ մեղադրելու հանգամանքը: Այս մասին գրում է «Transparency International» հակակոռուպցիոն հետազոտությունների կենտրոնի հայկական բաժանմունքի տնօրեն Վարուժան Հոտանյանը կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում: «Սովորաբար, այդ մեղադրանքները մեծ արդյունք չունեն: Որոշ դեպքերում մարդիկ փոխում են աշխատանքը, սակայն հազվադեպ են պատասխանատվություն կրում»,-գրում է նա: Հոտանյանը ստեղծված իրավիճակում օրինակ է բերում ՀՀ բնապահպանության նախին նախարար Վարդան Այվազյանին, որին 2012 թ. հուլիսին ԱՄՆ դատարանը մեղադրել էր 3 մլն դոլարի կաշառք պահանջելու մեջ եւ նրան պարտավորեցրել վճարել 35 մլն դոլար ամերիկյան հանքարդյունաբերական կազմակերպությանը, որը հրաժարվել էր կաշառք տալ եւ զրկվել էր լիցենզիայից: Կենտրոնի պարզաբանմամբ` քաղաքացիների գնահատականներով՝ Հայաստանում ոստիկանությունն ու դատական մարմիններն ամենակոռումպացված հաստատությունների շարքում են, եւ այդ անպատժելիությունը մեծագույն խնդիր է:
ՀԱՐՑ. Համաձա՞յն եք կենտրոնի գնահատականի հետ, ըստ որի՝ Հայաստանում ամենակոռումպացված հաստատությունները ոստիկանությունն ու դատական համակարգն են:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չեմ կիսում այդ կարծիքը: Ինչո՞ւ չեմ կիսում, քանի որ չեմ գտնում, որ ամենակոռումպացված համակարգը կարող է լինել ոստիկանությունը կամ, ասենք, դատական համակարգը: Իսկ թե իրենք ինչ հետազոտություն են արել կամ չեն արել, իրենց կարծիքն է, որը չեմ կիսում: Իմ կարծիքն էլ թողնում եմ առանց մեկնաբանությունների:
ՀՀ ոստիկանության նախկին պետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարճ ու կոնկրետ ասեմ. եթե համեմատություն անենք, ոստիկանությունն իր ողջ գործունեությամբ մի շարք այլ բնագավառների հետ համեմատած հրեշտակ է: Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, որ կոռուպցիա չկա, բայց ողջ ոստիկանությունն իր գործունեությամբ հանդերձ սուրբ է: Ես իմ կարծիքն ունեմ որպես երկարատեւ աշխատակից, ինձ այդ կառույցի կարծիքը չի հետաքրքրում: Եթե կառույցը քաղաքացիների գնահատականի հիման վրա է այդպիսի հրապարակմամբ հանդես եկել, ապա ես էլ քաղաքացիների մյուս հատվածն եմ եւ ունեմ իմ կարծիքը:
Երեւանի նախկին ոստիկանապետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե այդ միջազգային կառույցն իր հրապարակած հոդվածի մեջ փաստեր ներկայացներ, թե ովքեր են այդ կաշառակեր դատավորները, ապա այդ ժամանակ ես իմ կարծիքը կարտահայտեի ստեղծված իրավիճակի շուրջ: Միայն տգետ մարդը կարող է նման գնահատական տալ: Ինչո՞ւ եմ այդպիսի գնահատական տալիս. քանի որ երբ ասում են՝ այս կամ այն կառույցը կոռումպացված է, ուրեմն այդ ամենը պետք է լինի ավելի առարկայական: Կան փոփոխություններ այսօրվա դատական համակարգում, եւ դրական եմ գնահատում այսօրվա դատական համակարգի վիճակը: Ոստիկանության համակարգում եւս մեծ դրական տեղաշարժ կա: Իհարկե, կան թերացումներ, բայց ժամանակի ընթացքում կկարգավորվեն: Պետք է ասեմ, որ այսօր փաստաբանի կարծիքը հաշվի են առնում, եւ ամեն ինչ կարծես թե իր տեղն է ընկնում:
փաստաբան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ