Հունիսի 7-ին մի քանի մարզերում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Աբովյանում և Արտաշատում տեղի ունենալիք ընտրությունները:
Ինչպես հայտնի է` Արտաշատում գրանցվել է երկու թեկնածու: Նրանցից մեկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է Արգամ Աբրահամյանը, մյուսը նրա թշնամին` Հովհաննես Ղազարյանը: Պարզ է, որ ՀՀԿ-ն սատարելու է վարչապետի որդուն:
Նրանց միջև առկա թշնամանքը խոստանում է թեժ ընտրապայքար: Գազի Հովոյի առաջադրումը լուրջ պայքար է խոստանում: Աբրահամյան և Ղազարյան ընտանիքների միջև առկա լարվածության մասին բազմիցս է գրվել: Ըստ մամուլի հրապարակումների, 2010-ի գարնանը Հովիկ Աբրահամյանի որդին և եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսի ծառայության մեքենաների վարորդներին, ու կրակ բացել Ղազարյանների տան վրա:
Այս միջադեպից հետո Գազի Հովոն հեռացավ երկրից և նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց։ Այն ժամանակ երկու ընտանիքներին փորձեց հաշտեցնել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նշենք, որ Ղազարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին հայտարարագիրը, որոնց տվյալները բավական համեստ են: Նա Արտաշատ քաղաքում ունի 4000քմ շինություն, 2012թ. արտադրության «Տոյոտա LC 150 4.0 GAS» մակնիշի ավտոմեքենա: 2015թ. մայիսի 16-ի դրությամբ նա իր հաշվին ունի 3.5 մլն դրամ և 2500 դոլար: