Հոկտեմբերի 28-ին Գյումրու բնակիչներ հայր եւ որդի Մանուկյանների միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում որդին՝ 1975թ. ծնված Լ. Մանուկյանը, խոհանոցային դանակով հարվածել է հորը՝ Մկրտիչ Մանուկյանին՝ վնասվածք պատճառելով որովայնի շրջանում: Նույն օրը Մ. Մանուկյանը ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն եւ անմիջապես ենթարկվել վիրահատության: Մ. Մանուկյանին վիրահատած բժիշկ Ռաֆիկ Տիտերյանից տեղեկացանք, որ հիվանդի մոտ վնասված են եղել լյարդն ու փայծաղը, եղել է ներքին եւ արտաքին արնահոսություն. «Հիվանդին արվել է արյան փոխներարկում, եւ այս պահին նրա մոտ արնահոսություն չկա»: Բժշկի տեղեկացմամբ՝ հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ առաջ է եկել երիկամային անբավարարություն, ու հիմա նա այդ ուղղությամբ բուժում է ստանում: Տիտերյանի փոխանցմամբ՝ Մ. Մանուկյանի գիտակցությունը մասամբ վերականգնվել է, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Իսկ հարցին, թե նրա կյանքին վտանգ սպառնում է, բժիշկն ասաց. «Մեծահասակները մի փոքր զգայուն են արյան կորստի հանդեպ, եւ այդ իմաստով մի փոքր մտավախություն կա»:
Շիրակի մարզային ոստիկանության շտաբի պետ Վալիկո Իվանյանի փոխանցմամբ՝ հայր եւ որդի Մանուկյանների միջեւ վիճաբանություն է ծագել այն բանի համար, որ որդին ոգելից խմիչք է օգտագործել: «Էդ տղան 15 օր առաջ է դուրս գրվել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից: Վիճաբանության օրը նա ոգելից խմիչք է օգտագործել, իսկ հայրը նրան նախատել է, քանի որ նրան խմելն արգելված է եղել, հենց դա էլ եղել է նրանց վիճաբանության պատճառը»,-ասաց Վ. Իվանյանը:
Սույն գործով Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Գործով քննիչ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ Լ. Մանուկյանը ձերբակալված է: Նա Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում գրանցված հիվանդ է, բայց նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ նա այդ պահին մեղսունակ եղել է, թե ոչ: «Եղել է ընդամենը մեկ հարված, հանցագործության գործիք դանակը հայտնաբերված եւ առգրավված է: Հանցագործություն կատարողն ընդունում է իր մեղքը»,-ավելացրեց Կ. Գաբրիելյանը:
Գյումրի