«Էնքան հիմնախնդիր կա, չգիտեմ՝ որից սկսեմ: Ջրի հարց կա, ճանապարհի, աղբահանության, աշխատանքի, մանկապարտեզի: Դե ինչ ասեմ, սաղ խնդիր ա: Հողից բերքը քիչ ա, տեխնիկան հին ա, մարդիկ շահագրգռված չեն հող մշակել: Հացը վաստակում են ռուսաստաններում, բայց լավն էն է, որ վերադառնում են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ույծ համայնքի սոցիալական վիճակը նկարագրում է գյուղապետ Արտակ Ավետյանը:
Ույծը գտնվում է մայրաքաղաքից 421, մարզկենտրոն Կապանից՝ 101, Սիսիանից՝ 5 կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ: Գյուղը մինչեւ 1990թ. կոչվել է Ուզ: Ըստ պատմաբանների՝ գյուղի սկզբնական բնակիչները եկել են Պարսկաստանի Ուզումչի գյուղից: Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1961թ. նոյեմբերի 11-ի հրամանագրով գյուղը միացվել է շրջկենտրոնին, սակայն 1985թ-ին կրկին տարանջատվել է: Գյուղի շրջակայքում պահպանվել են նեոլիթյան դարաշրջանի բերդ-ամրոցի, կիկլոպյան բերդի, Որոտան եւ Գիժ գետերի միախառնման հատվածում երկթռիչք կամրջի ավերված հետքերը: Համայնքում պահպանվել է նաեւ Սբ. Հովհաննես եկեղեցին՝ կառուցված 1909թ-ին:
Այժմ Ույծում բնակվում է շուրջ 612 հոգի, որից 87-ը երիտասարդներ են: Չնայած երիտասարդության նման թվին, գյուղապետի վկայությամբ, այս տարի դեռեւս մեկ ամուսնություն է գրանցվել: «Ջահելներն էս սեզոնին մեկնում են արտագնա աշխատանքի, բայց պարտադիր վերադառնում են: Համ էլ հարսանիքների շրջանը հիմա կսկսվի, այնպես որ, դեռ հույս կա»,-ինքն իրեն հուսադրում է գյուղապետը: Նրա խոսքով՝ համայնքը ապահովված է «ջրով, գազով, կենտրոնական թաղամասերի լուսավորությամբ», սակայն անմխիթար վիճակում են դպրոցի մասնաշենքը, ներհամայնքային նշանակության ճանապարհները եւ այլն:
«Դե որքան կարողացել ենք, հարց ենք լուծել, բայց 4,5 կմ գյուղամիջյան ճանապարհները պետք ա վերանորոգել հիմնավոր, թե չէ մասնակի սարքում ենք, հետո անձրեւաջրերը գալիս, նորից քանդում են: Իսկ գյուղի ծայրամասերում գիշերային լուսավորություն չունենք, մարդիկ երեկոները դժվարանում են տեղաշարժվել»,-նշում է Ավետյանը: Շարունակելով հիմնախնդիրների թեման՝ համայնքապետն առանձնացնում է աղբահանության հարցը: Համայնքը չունի աղբատար մեքենա: Ավետյանի տեղեկացմամբ՝ բնակիչներն աղբը կուտակում են իրենց այգու ծայրամասում հետագայում այրելու նպատակով կամ էլ ժողովում տեղափոխում են գյուղի ծայրի աղբանոցը:
80-ականների վերջին կառուցված դպրոցը իրեն չի արդարացնում: Շենքային պայմանները բարվոք չեն, հիմնանորոգման կարիք կա: Դպրոցում սովորում է 70 աշակերտ, որից 8-ն առաջին դասարանցիներ են: «Դպրոցը ներառված է դպրոցաշինության 2013թ. ծրագրում: Բայց այ հիմնախնդիրների հիմնախնդիրը 70-ականներին սկսած կիսակառուց մանկապարտեզի շենքի շինարարության շարունակությունն է: Ունենք մանկապարտեզի 20 սան, սակայն նրանց թիվը եռակի կավելանա, եթե ունենանք տիպային մասնաշենք: Հարկ է ասել, որ հիմա համայնքային կենտրոնի երկու սենյակները հարմարեցվել են այդ նպատակին, սակայն դա ենթադրում է շատ դժվարություններ»,-ցավով նշում է Ավետյանը:
Գյուղի աշխատունակ հատվածն ապահովված չէ աշխատանքով: Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 188 գյուղացիական տնտեսություն: «Գարնանը մշակել ենք կարտոֆիլ, բանջարաբոստանային այլ կուլտուրաներ, սակայն բերքը գոհացուցիչ չէ: Մեր տարածքները նպաստավոր են հացահատիկային մշակաբույսերի մշակության համար: Սակայն այս տարի դաժե ցորենը կարգին բերք չտվեց: Հեկտարի համար ծախսել եմ 220 հազար դրամ, ստացել եմ 18-20 ց ցորեն, կգ-ը՝ 145-160 դրամ: Պարզ հաշվարկն էլ ցույց է տալիս, որ վնասով են փակում: 510 հա աշնանացան ցորեն ենք ցանել, բայց դաշտերին նայում եմ, լացս գալիս է: Տեսնենք գարունը ո՞նց կբացվի, տա Աստված, հաջողությունը մեր կողմը լինի, թե չէ սաղ ջանքերը վարի կգնան»,-ասում է համայնքապետը եւ հավելում, որ միակ օգուտով աշխատանքը ոչխար պահելն է:
«Ունենք մոտ 540 գլուխ ոչխար: Եզդիները գալիս հավաքում են՝ մեկ ոչխարի մոտավոր մեծածախ գինը 50-55 հազար դրամով: Արդյունավետ գործ է: Եղել է, որ մինչեւ 70 հազար դրամանոց ոչխար ենք վաճառել: Գյուղացիք էլ վերցրել են էս գիծը ու զբաղվում են դրանով»,-նշում է գյուղապետը` հավելելով, որ անձամբ էլ զբաղվում է «էդ գործով»:
ՆԱՅՈՒՄ ԵՄ ԴԱՇՏԵՐԻՆ՝ ԼԱՑՍ ԳԱԼԻՍ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ