ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏՆ ՕՐԵՆՔԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ համայնքի բնակչուհի, տեղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Կարինե Բրուտյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ սոցիալական ապահովության պետական ծառայության Ճամբարակի տարածքային բաժնում իրեն չեն հաշվառում եւ չեն ընդունում մասնակի կենսաթոշակի անցնելու համար իր կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը:
«Ես ունեմ 31 տարվա մանկավարժական ստաժ: 1981թ. աշխատել եմ Արծվաշենի միջնակարգ դպրոցում: Տեղահանվելուց հետո տեղափոխվել եմ Դրախտիկ գյուղ:  1993թ.-ից տեղի միջնակարգ դպրոցում աշխատել եմ որպես դասվար, իսկ վերջին մի քանի տարում՝ նաեւ փոխտնօրեն: Ասեմ, որ ծնվել եմ 1958թ. փետրվարի 2-ին: Գիտեմ, որ մանկավարժական ստաժով կարող եմ անցնել կենսաթոշակի: Այս նպատակով մի քանի անգամ դիմել եմ սոցապբաժին, սակայն բաժնի աշխատող Համլետն ինձ մերժել է՝ պատճառաբանելով, թե ինձ թոշակ չի հասնում: Խնդրում եմ ասել, թե էդ ինչու իմ գործընկերներից շատերին հասնում է, ինձ՝ ոչ»,-դժգոհեց Կ. Բրուտյանը:
«Դա մինչեւ 2010թ. ապրիլն է եղել, դրանից հետո փակվել ա չէ՞, բա՜: 2010թ. ապրիլին նորից  օրենքը փակվել ա: Նոր հայտարարություն չկա, դրա համար եմ ասում: Յուրաքանչյուր մասնակի կենսթոշակավորվող պիտի օրենքի համաձայն հերթ պահի: Ես կզանգեմ վարչություն` տիկին Ռոզին, ու կիմանամ՝ դա ոնց են անում»,-իր մերժումն այսպես մեկնաբանեց սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային բաժնի ավագ մասնագետ Համլետ Տեր-Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է` կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
«Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը սահմանվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ»,-հայտնեցին նախարարության կենսաթոշակային ապահովության վարչությունից:  
Փաստորեն, ի՞նչ է ստացվում. տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները չեն տիրապետում իրենց մասնագիտական պարտականություններին, ինչի հետեւանքով հաճախ  ոտնահարվում են  շարքային քաղաքացիների իրավունքները:   
Տվյալ դեպքում Համլետ Տեր-Պողոսյանը վերապատրաստվել է, ստացել մասնագիտական որակավորում, սակայն տեղեկացված չէ օրենսդրական փոփոխություններից: Ի՞նչ են մտածում այս մասին նախարարությունում, երբ իրենց աշխատակցին օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթից:
Հ.Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության, Կարինե Բրուտյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրեն է զանգահարել Ճամբարակի տարածքային բաժնի մասնագետ Հ. Տեր-Պողոսյանը եւ ասել, որ «…հմի իրեն ուրիշ կարգով կընդունին ու կղրկին թոշակի»: «Անպայման Դուք պիտի միջամտեիք, որ հարցը լուծո՞ւմ ստանար»,-հարցրեց Բրուտյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս