ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնցից 49-ում ընտրվեցին համայնքի ղեկավարներ: Ընտրությունների արդյունքում  15 համայնքապետեր  փոխվեցին: Նորընտիր համայնքապետերը հոկտեմբերի 24-ից անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Սակայն Բերդի չվերընտրված քաղաքապետ Անդրանիկ Շառյանը մինչեւ նոյեմբերի 8-ը պաշտոնավարելու է որպես համայնքի ղեկավար: Երբ նայում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը (www.tavush.gov.am), «Համայնքներ» բաժնի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» ենթաբաժնում ՏԻՄ ընտրություններից մեկ ամիս եւ մեկ շաբաթ հետո դեռեւս զետեղված են «հին», ընտրությունների արդյունքում պարտված համայնքապետերի, ավագանու անդամների անունները եւ նրանց վերաբերյալ տվյալներ: Ինտերնետային կայքը կարող էր եւ պետք է թարմացվեր, համալրվեր նոր տեղեկատվությամբ:
Ծանոթանալով մարզպետարանի ինտերնետային կայքի բովանդակությանը՝ համոզվում ենք, որ այն ուշ-ուշ է թարմացվում: Այնտեղ տեղադրված «ամենաթարմ» տեղեկատվությունն առնչվում է հոկտեմբերի 6-ին. դա ուսուցչի օրվա կապակցությամբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղերձն է: Կողքին հոկտեմբերի 3-ին սահմանամերձ Չինարի գյուղում նորակառույց խաչքարի օծման արարողության մասին լուր է, «Նորություններ» բաժնի մյուս «նորությունը»` հոկտեմբերի 2-ին Ա. Ղուլարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության վերաբերյալ տեղեկությունը: Ասում են՝ երեկվա նորությունը նորություն չէ, իսկ մեկ ամսվա նորությունն ի՞նչ է: Մարզպետարանի ինտերնետային կայքի ներքեւի հատվածում նշված է. «Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ: Այստեղ արտահայտված տեսակետները ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն են, եւ պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
Ինչպես երեւում է, տարածքային կառավարման նախարարությունը հետամուտ չէ, որ մարզպետարանը պարբերաբար թարմացնի ամերիկյան ֆինանսական աջակցությամբ ստեղծված կայքը: Մոտ մի շաբաթ առաջ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է համայնքների բյուջեի եկամուտների, սեփական եկամուտների հավաքագրման 9 ամիսների կատարողականը: Կարեւոր խնդիր է, սակայն մարզպետարանի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա: Այնտեղ տեղեկատվություն չկա նաեւ մարզում խաղողի մթերման, աշնանացանի եւ մարզի կյանքի այլ կարեւոր գործընթացների մասին: Կառավարությունում խոսում են թափանցիկ աշխատաոճի եւ իրենց գործունեության հաշվետվողականության մասին, սակայն Տավուշի մարզպետարանի աշխատաոճն այլ բան է վկայում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս