ԵԹԵՐԻ «ՏԱՂԱՆԴԱՎՈՐ» ԹԱԳՈՒՀԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսնես ե՞րբ մարդիկ կսկսեն կողքից նայել իրենց ու հասկանալ, թե որքանով են տաղանդավոր կամ անտաղանդ: Երեկվանից համացանցը ողողված է երկու «տաղանդաշատ» հայուհիների ելույթներով՝ մեկը «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի մասնակից Լուսինե Ծերունյանն է, մյուսը՝ «X-factor» նախագծի մասնակից Թամարա Մինասյանը:
Այս երկու աղջիկների ցուցադրած շոուն կարելի է համարել ստացված, հիմա նրանք մեծ «հեղինակություն» են վայելում համացանցում: Բայց մի՞թե ծիծաղի առարկա դառնալով են նվաճում հեռուստադիտողի ու հանդիսատեսի ուշադրությունը:
ԼՈՒՍԻՆԵ ԾԵՐՈՒՆՅԱՆԻ խոսքով` պարի դասընթացների չի գնացել, փոքրուց պարել է տանը. «Ծնողս է պարուհի եղել, նրանից եմ ժառանգել պարը: «Պարի՛ր, թե կարող ես» նախագծին մասնակցում եմ ծնողիս խորհրդով»: Ինչպես հիշում եք, «Միսս Հայաստան» մրցույթին էլ 26-ամյա այս աղջիկը կրկին ծնողի խորհրդով էր մասնակցում: Հարգելի՛ ծնող, ինչո՞ւ եք գերագնահատում Ձեր աղջկա հնարավորությունները, արդյոք Ձեզ համար վիրավորական չէ, որ այսօր ողջ հայ ազգն է ծիծաղում Ձեր տաղանդաշատ դստեր չկայացած ելույթի վրա:
Ի դեպ, ժյուրիի դիտարկմանը, թե որ ոճին է տիրապետում Լուսինեն ու ինչու է ջինսով եկել, աղջիկն անխռով պատասխանում էր. «Պարի չեմ գնացել, ուղղակի եկել եմ՝ ուժերս փորձեմ»: Նա ցուցադրեց «շքեղ» հայկական ժողովրդական պար: «Պարուհու» ողջ ելույթի ընթացքում ժյուրիի անդամները քմծիծաղ էին տալիս, բայց, չգիտես ինչու, չէին դադարեցնում նրա ելույթը: Ժյուրիի անդամներից մեկն ասաց, որ սրանից ավելի չէր էլ սպասում. «Ինչ դու արեցիր, պարի հետ բացարձակապես կապ չունի, նույնիսկ քեֆերին այդպես չեն պարում»: Ապա հարցրեց. «Աղջի՛կ ջան, դու կյանքում պար տեսե՞լ ես, որտե՞ղ ես տեսել, որ պարն ընդամենը մի շարժումից բաղկացած լինի: Եկել էիր մի շարժումով զարմացնեի՞ր: Եւ առհասարակ, ինչ մրցույթի էլ որ գնաք, պատրաստվա՛ծ գնացեք, մի՛ արհամարհեք առարկան, որին մասնակցում եք, քանի որ առաջին հերթին Ձեզ եք արհամարհում»:
Այս աղջկա շնորհիվ «Շանթ» հեռուստաընկերությունը մեծ լսարան ապահովեց, դահլիճում հավաքվածներն էլ լիաթոք ծիծաղեցին. շոուն կարելի է համարել ստացված:
Լուսինեից բացի, նույնատիպ զավեշտալի իրավիճակում էր հայտնվել նաեւ «X-factor» նախագծի մասնակից ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ, որը նախկինում Թոնի Բրեքսթոնին նմանակելու իր անհաջող փորձով մասնակցել է «Իմ անունն է…» նախագծին: Նույնիսկ հաղորդավար Արամ mp3-ն աղջկա ելույթի հենց սկզբից ասաց. «Խոսքերն ավելորդ են, no comment»: Ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանն էլ նույնիսկ նշեց, որ ապշած է, քանի որ դահլիճը Թամարային ընդունեց «ոնց որ մի հատ աստղ, միգուցե ես ինչ-որ բան չգիտե՞մ»: Անդրեն էլ փորձում էր բացատրել Գյուրջինյանին, թե ով է Թամարան ու ասում, որ աղջիկը նախ մասնակցել է «Սուպերսթար 5»-ին, հետո «Իմ անունն է…» նախագծին, հիմա էլ «X-factor»-ի հերթն է: Երգիչը նաեւ հարցրեց Թամարային, թե այս նախագծից ինչ է ուզում: «Երկու նախագծի եմ մասնակցել ու չեմ էլ մտածել՝ ինչ եմ ուզում: Ուզում եմ երգել ու ապացուցել, որ ուզում եմ երգել»,-ահա սկսնակ երգչուհու պատասխանը: Ելույթի մասին պատմելն անիմաստ է. խոսքեր գտնելը շատ բարդ է:
Թամարայի առաջին կատարումից «բավարարված»՝ ժյուրին թույլ է տալիս աղջկան կրկին երգել: Գիսանե Պալյանը, Գարիկ Պապոյանը, Անդրեն ու Նաիրա Գյուրջինյանը չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը, դահլիճը նույնպես ոգեւորված է: Գիասնե Պալյանն էլ փորձում է մեղմ ձեւով հասկացնել աղջկան, որ ինքը լավ չի երգում. «Թամարա՛ ջան, ես էլ եմ շատ սիրում երգել: Երկրագնդի վրա ոչ մեկ մյուսին չի կարող արգելել երգել, բայց պետք է գիտակցել ու ընդունել երաժշտի խորհուրդը, դու վատ ես երգում: Ու եթե ուզում ես երգչուհի դառնալ, պետք է շատ-շատ աշխատես ու չգիտեմ՝ կստացվի ինչ-որ բան, թե ոչ: Իմ խորհուրդը քեզ՝ որպես կնոջ, մի՛ արի այդ քասթինգներին»:
Ցավալի է, որ աղջիկները չեն զգում, թե ինչ ծիծաղելի վիճակում են հայտնվում: Ելույթից հետո Թամարան նույնիսկ ասաց. «Ես լավ էի պատրաստվել, բայց վախից այդպես երգեցի: Հուզմունք կար մեջս, լավ էի պատրաստվել, բայց ցույց չտվեցի»:
Մի բան է անհասկանալի. չէ՞ որ ժյուրին նախապես իմանում է, թե ովքեր են մասնակիցները, ինչո՞ւ է թույլ տալիս նրանց առհասարակ ելույթ ունենալ:
Նման ելույթները, իրականում, եթերի համար չեն: Լավ, ասենք մասնակիցները չեն հասկանում, որ վատ են երգում, իսկ կազմակերպիչնե՞րը… Թե՞ սա հատուկ մշակված քաղաքականություն է` նաեւ անտաղանդների հաշվին լսարան հավաքել:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս