Այս տարի վերջին զանգի միջոցառումները տեղի կունենան մայիսի 22-ին: Ճանապարհային ոստիկանության ծառայողները, համայնքային ոստիկանները և անչափահասների գործերով տեսուչներն արդեն մի քանի օր է, ինչ այցելում են ավագ դպրոցներ, հանդիպում շրջանավարտների հետ: Այս մասին այսօր Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ նախորդ տարի «Վերջին զանգ»-ի օրը 86 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, քանի որ ղեկին եղել են երեխաներ, ովքեր չեն պահպանել անվտանգության կանոնները:
Ոստիկանության գնդապետը խորհուրդ տվեց ծնողներին թույլ չտալ երեխաներին ղեկին նստել, իսկ եթե դա ամեն դեպքում տեղի ուեննա, ապա առաջին իսկ ոստիկանին հանդիպելու դեպքում կկիրառվեն խիստ միջոցներ: «Անցած տարի մենք մեր խստապահանջության շնորհիվ կարողացանք օրն ամփոփել առանց որևէ միջադեպի: Կոնկրետ «Վերջին զանգ»-ի օրը մենք մեր հիմնական ուժերը կենտրոնացնելու ենք ավագ դպրոցների մոտ, որպեսզի բացառենք խախտումները»,- ասաց Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վարորդական իրավունք չունեցող երեխայի համար նախատեսված տուգանքը 20 հազար դրամ է, իսկ երեխային մեքենան վստահող ծնողին՝ 10 հազար դրամ: