Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հարադային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012թ. կայացավ ՀՀ Նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության օրակարգի ընդլայնման համար:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաև վերջին շրջանում հայ-ճապոնական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեության մասին: ՀՀ Նախագահը և Ճապոնիայի դեսպանը համակարծիք են եղել, որ դինամիկ զարգացող հարաբերությունները և փոխգործակցության ընդլայնվող օրակարգը անհրաժեշտաբար հանգեցնում են երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Հարադային և ընդգծել, որ նա ավարտում է պաշտոնավարումը, սակայն, իր համոզմամբ, շարունակում է մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:
Տիկահիտո Հարադան վստահեցրել է, որ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ կանի ամեն հնարավորը և կաջակցի Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ ի նպաստ հայ-ճապոնական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման և երկու ժողովուրդների բարեկամության խորացման: