Չկա որևէ դատախազ, ով դրսևորի կոռուպցիոն վարքագիծ և մնա անպատիժ. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին խորհրդարանում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. հաշվետվությունը: Այն ներկայացնում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ դատախազության հաշվետվությունն առաջին անգամ են քննարկում խորհրդարանում և այդ հանգամանքը նա շատ կարևոր համարեց:

«Պետական ցանկացած կառույց պետք է ունենա հաշվետվողականության պատշաճ մեխանիզմները: Այս քննարկումը չի կարող ինքնանպատակ լինել: Կարևորում եմ, որ ներկայացվող գործունեության արդյունքները պետք է  քննարկման առարկա դառնան մասնագիտական հարթության մեջ», – նշեց գլխավոր դատախազը:

Կոստանյանը հավելեց, թե առիթ է ունեցել ասելու, որ հատկապես քրեական գործերը չպետք է քաղաքական քննարկում ունենան: Նա  նշեց, որ երբ ստանձնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, խոստացել էր գործել երեք առաջնահերթությունների շրջանակում: Դրանք են`  դատական համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալ գործունեության վերացում, դատախազների քաղաքական չեզոքության պահպանում և անպատժելիության մթնոլորտի վերացում:

«Ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված դատախազը չարիք է, քանի որ դրա արդյունքում խեղվում են մարդկային ճակատագրեր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չի եղել ու չի կարող լինել այնպիսի դեպք, որ որևէ դատախազ դրսևորի կոռուպցիոն վարքագիծ, մնա անպատիժ ու շարունակի պաշտոնավարել համակարգում»,- հայտարարեց նա:




Լրահոս