Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` 2014թ. գործունեությանը վերաբերող ելույթից հետո սկսվեց դատախազին հարցեր տալու փուլը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի քանի հարց ուներ:
Նա նշեց, որ այսօր իրենք մասնակցել են բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերի ակցիային, քանի որ ոստիկանները խոչընդոտել էին վերջիններիս ակցիան: Պատգամավորը դատախազից գնահատական պահանջեց այս դեպքերի առնչությամբ:
Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև ՄԱԿ զեկույցին, որը վերաբերում էր Մարտի 1-ին: «Իմ ձեռքերում են ձեր բոլոր խոստումները: Դուք խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի: Մեր հանդիպումից անցել է վեց ամիս և խնդրում եմ ասեք, թե ինչ վիճակում է գործը», – հարցրեց նա:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցած միջադեպերին, նա նշեց, որ հակառակորդի կողմից սպանությունների թիվն աճել է: Կոստանյանը ընդգծեց, որ առանց հակառակորդի միջամտության մահվան դեպքերի թիվը նվազել է: Նա սա դրական քայլ համարեց և ընդգծեց, որ արվում է ամեն ինչ նման դեպքերի նվազման համար: Անդրադառնալով Բաղրամյան-26-ի մոտ տեղի ունեցած միջադեպին՝ Կոստանյանը նկատեց` մեզ մոտ այնպիսի դիրքորոշում է, որ եթե ոստիկանությունն ուժ է կիրառում, դա սխալ է:
«Ոստիկանությունն այն եզակի մարմիններից մեկն է, ով օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու: Կան իրավիճակներ, երբ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի չկիրառումը կհանգեցնի հենց նրան պատասխանատվության ենթարկելու: Մենք պետք է քննարկենք` հլը եկեք տեսնենք, ոստիկանը ճիշտ է կիրառել, թե ոչ, համաչափ էր, թե ոչ», – ընդգծեց նա:
Նա մեջբերեց օրենքից հատված, ըստ որի մի քանի գերատեսչական մարմինների մոտ հանրահավաքներ և ակցիա անելու համար հստակ վայրեր և կանոններ կան: Կոստանյանն ընդգծեց, թե արդյոք անհրաժեշտ էր հենց այդ հատվածում անցկացնել ակցիա և արդյոք այդտեղ անցկացնելը չէր խանգարելու բնականոն գործընթացին:
Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի քննությանը, նա ընդգծեց, թե այդ սայլը տեղից շարժելը կարող է նկատելի չլինել հասարակության համար: «Այս պահին նպատակահարմար չենք համարում ներկայացնել, թե մինչև այսօր ինչ է փոխվել, ինչ արդյունքների ենք հասել: Այս պահին դա նպատակահարմար չէ»: