ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հարցում մեջբերում կատարեց Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված աղմկահարույց հայտարարություններին, օդում կախված լուրերին և վարչապետին տրված հանձնարարականին՝ ստուգել Գագիկ Ծառուկյանի բիզնեսները և օդում առկախված լուրերի իսկությունը:
«Պարոն վարչապետ, դուք ասեցիք, որ կբամփեք հարկ եղած դեպքում: Ես ինչքան տեղյակ եմ, օրենքում բամփել չկա: Հիմա ինչ եղավ, բամփեցի՞ք, չբամփեցի՞ք. ժողովուրդն անտեղյակ մնաց: Երեք ամիս է անցել, դուք չե՞ք կարող ասել՝ կայի՞ն նման չարաշահումներ, թե ոչ, եթե չկային՝ հայտարարություն տարածողներին ի՞նչ պատասխանատվության եք ենթարկելու: Այս բոլոր հարցերի պատասխանները, եթե կարելի է, տրամադրեք»,- հարցադրում արեց Փաշինյանը:
Վարչապետն էլ պատասխանեց. «Եթե ուշադիր եք, մենք ֆինանսների նախարարության միջոցով տեղեկատվություն տրամադրում ենք: «Մենք որևէ մեկին ահաբեկելու ցանկություն չուենք: Բոլոր հարցերը կապված Ծառուկյան Գագիկի հետ, մենք ամփոփ կներկայացնենք: Մենք պետք է լինենք թափանցիկ անկեղծ, քանի որ հասարակությունը սպասում է այդ արդյունքներին: Մենք թաքցնելու որևէ բան չունենք: Մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ բոլոր պատկան մարմինները կխոսեն այդ մասին»,- ասաց վարչապետը: