Հալեպի հայկական թաղամասերում առավոտյան ժամերից հրթիռների ձայներ են լսվում: Այս մասին հայտնում է “Արմենպրես”-ը` վկայակոչելով Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանին: Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու շրջանում հայ է զոհվել: Դիպուկահարի փամփուշտից խոցվել է Ջորջ Կաբանջյանը: Պատճառված վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ռեյիսյանի տեղեկացմամբ` Դամասկոսից Հալեպ վերադառնալու ճանապարհին Հալեպի մուտքի մոտ զինյալները երկու մարդ են առևանգել: Պարզվել է, որ նրանցից մեկը հայ է: Առևանգվածների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ Բեյրութից Հալեպ վերադարձող ավտոբուսի առևանգված ուղևորներին, ապա Ռեյսիյանը նշել է, որ նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Սիրիայում մոտ 19 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: