2005թ. կասկածելի հանգամանքներում մահացած Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը ՎՀ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու թիմի մի շարք նախկին նախարարների մեղադրում է եղբոր մահը բեմականացնելու մեջ:
«Հրապարակված վարկածը, թե Զուրաբ Ժվանիան մահացել է դժբախտ պատահարի արդյունքում, բացարձակ սուտ է»,-ասել է վարչապետի եղբայր Գեորգի Ժվանիան «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում: Նա պնդել է, որ ապացույցներ ունի: Գեորգի Ժվանիայի խոսքով՝ ինքը վարկածներ ունի, թե ով է պատվիրել, իսկ ով՝ իրականացրել սպանությունը: «Դժբախտ պատահարի բեմականացումը Սահակաշվիլու գլխավորությամբ իրականացրել են Գեորգի Բարամիձեն, Վանո Մերաբիշվիլին եւ Զուրաբ Ադեիշվիլին»,-հայտարարել է վարչապետի եղբայրը:
Հիշեցնենք, որ Զուրաբ Ժվանիան մահացել է 2005թ.: Մահվան պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, անսարք վառարանի արտանետած գազն էր, որը նախ քնեցրել, ապա սպանել էր վարչապետին: Ողբերգությունը տեղի էր ունեցել Թբիլիսիում:
Վրաստանում կատարվող այդ իրադարձությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ՎՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, Ջավախքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի հետ:
-Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբոր հայտարարությունը:
-Ես այլ ոլորտի մարդ եմ հիմա, ճիշտ է, պատգամավոր եմ եղել 5 տարի, բայց հիմա այլ ոլորտի հարցերով եմ զբաղվում, իսկ քաղաքական առումով կան պատգամավորներ, որ կարող են Ձեր հարցին պատասխանել: Նախկինը նախկին է, ներկան էլ ներկա է: Իմ քաղաքական մեկնաբանությունն է՝ կան իրավապահ մարմիններ, որոնք այդ հարցով հետաքրքրվում են, եւ իրենք այդ հարցերի վերջնական գնահատականն ու արդար իրավիճակը կքննեն եւ գնահատական կտան, որպեսզի հանրությանն էլ պարզ լինի, թե ինչ է կատարվել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
-Այդ առումով չեմ կարող գնահատական տալ: Գիտեք, շատ եմ ցավում, որ նման դեպք պատահեց Վրաստանում, բայց գտնում եմ, որ իրավապահները կբացահայտեն եղելությունը, եւ մի օր արդարությունը կվերականգնվի:
-Հավատո՞ւմ եք, որ վրաց իրավապահներն արդար քննություն իրականացնեն:
-Այո՛, վստահում եմ, որ իրավապահ մարմինները կբացահայտեն եւ ըստ արժանավույն գնահատական կտան, ու հանրությունը կիմանա ճշմարտությունը:
-Գեորգի Ժվանիան իր եղբոր սպանության մեջ մեղադրում է կոնկրետ Միխայիլ Սահակաշվիլուն եւ անուններ է տալիս: Սա Ձեզ ինչ-որ բան չի՞ ասում:
-Ես շատ փոքր մարդ եմ եւ պետք է ասեմ, որ անուններ տալը շատ քիչ է: Կրկնում եմ՝ կա հետաքննություն, եւ կան իրավապահ մարմինների աշխատակիցներ: Իմ հարգանքը շատ մեծ է եւ մեծ ցավակցանք եմ հայտնում՝ Զուրաբ Ժվանիայի դեպքերի հետ կապված, ու պետք է նշեմ, որ նաեւ ինձ է հետաքրքիր՝ որպես Վրաստանի քաղաքացի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Արդեն անցել է 6 տարի, եւ ինձ էլ է հետաքրքրում՝ արդյոք տեղի ունեցածը պատահական դեպք էր, թե քաղաքական ինչ-ինչ բաներ կային այս ամենում: Սա ինձ միշտ մտահոգում է եւ ոչ միայն ինձ, նաեւ վրաց ժողովրդին է հետաքրքրում ողջ եղելությունը: Այս ամենի պատասխանը, կարծում եմ, կտան իրավապահ մարմինները:
-Ձեր կարծիքով՝ 6 տարին բավարա՞ր չէր իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեին ճշմարտությունը:
-Ես ո՛չ իրավապահ եմ, ո՛չ էլ… Ուղղակի Վրաստանում, կրկնում եմ, կա ստեղծված հանձնախումբ:
-Այն, որ նախկին վարչապետի եղբայրը հիմա սկսեց անուններ տալ, երբ Սահակաշվիլին փոքրամասնություն ունի խորհրդարանում, քաղաքական ենթատեքստ չունի՞:
-Չէ՛, չեմ կարծում: Իհարկե, ատրիբուտներ կան, որ քաղաքական ենթատեքստ ունեն, բայց գիտեք, հիմա ես կարեւորում եմ մի բան. թող նոր իշխանությունն իր նախընտրական խոստումները կատարի, եւ մենք՝ որպես ազգային փոքրամասնություն, կլինենք իշխանության կողքին:
-Դուք՝ որպես իշխանական թեւի ներկայացուցիչ, Սահակաշվիլու թիմի անդամ, ի վերջո, ի՞նչ գնահատական եք տալիս վարչապետի եղբոր հնչեցրած մեղադրանքներին:
-Ես ուզում եմ, որ բացահայտվի ճշմարտությունը, թե ինչ է եղել: Թող բացահայտվի իրողությունը, եւ որպես իշանական թեւի ներկայացուցիչ՝ առաջինը իմ դիրքորոշումը կարտահայտեմ այդ հարցի վերաբերյալ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ