ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) պատրաստվում է իր բիզնեսը տեղափոխել արտասահման: Վերջինս  հոգնել է պայքարել բարեգործական երթուղիների դեմ եւ որոշել է արտագաղթել Հայաստանից: Այդ մտադրությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ անդամ Արթուր Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից:
-(Ծիծաղում է-Ս. Գ.), Իսկ ո՞վ է Ձեզ նման սուտ տեղեկություններ տվել, ո՞նց կարող են նման տեղեկությունները ճիշտ լինել:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ վերջերս Դուբայ էիք գնացել, ու լուրեր կան, որ հենց այնտեղ էլ ցանկանում եք հաստատվել:
-Ես երեք օրով եմ գնացել Դուբայ ու վերադարձել եմ, կնոջս հետ եմ գնացել, չի՞ կարելի: Չէ՛, Ձեր ասածն ընդհանրապես իմ մեկնելու եւ վերադառնալու հետ կապ չունի: Մարդ ու կին գնացել ենք, 3 օր հանգստացել ու վերադարձել ենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք Դուբայում հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Ես Գագիկ Ծառուկյանին չեմ ճանաչում:
-Ձեր քավորին չե՞ք ճանաչում:
-Ես ոչ մեկին չեմ հանդիպել, մենք գնացել ենք, հանգստացել ենք, ես ոչ մեկին չեմ հանդիպել եւ ոչ էլ ցանկություն եմ ունեցել այնտեղ որեւէ մեկին հանդիպել: Սուտ պրովոկացիոն տեղեկություններ են, երեւի ԲՀԿ-ն է այդ տեղեկությունները տարածել, հա՞: Ես հայտարարում եմ ավտարիտետնի՝ ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Այժմ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք Ծառուկյանի հետ:
-Սենց ասեմ՝ նորմալ կամ աննորմալ, ո՞նց եք ուզում լսեք: Մենք ոչ մի հարաբերություն չունենք իրար հետ ու չենք էլ ունեցել:
-Բարեգործական երթուղիների հետ կապված հարցն արդեն լուծվե՞լ է:
-Եթե լուծված լիներ, այդ երթուղիները չէին աշխատի: Բացի էդ, ասեմ, որ բարեգործական երթուղիների մեղավորն էլ իրենք են. մարդկանց ձեռքից ունեցվածքը վերցրել են, դրա համար էլ մարդիկ չունեւոր են դարձել ու ձրի ավտոբուս են նստում:
-Բա ասում էին՝ Դուբայում ԲՀԿ առաջնորդի հետ կարգավորե՞լ եք հարցերը:
-Ես արդեն ջղայնանում եմ, նման բան գոյություն չունի: Հայաստանում լիքը գործեր ունեմ անելու, ես ոչ մի նպատակ չունեմ երկրից տեղափոխվելու, բիզնես տեղափոխելու, թող իրենք մտածեն իրենց բիզնեսները տեղափոխելու մասին: Իրենք են իրենց բիզնեսները Բելառուս ու Բուլղարիա տեղափոխել, բայց իրանք էլ անունով պատգամավոր են, պտի աբովյանցիների համար աշխատատեղ բացեն: Ես ոչ մի մտադրություն չունեմ Հայաստանից հեռանալու, ես մնալու եմ, աշխատելու եմ ու իմ ժողովրդի համար ամեն ինչ անելու եմ: Մենք հայ ենք, ապրում ենք, աշխատում ենք: Գագիկ Ծառուկյանը թող մտածի իր բիզնեսը տեղափոխելու մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս