Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր «Մայքրոսոֆթ» ընկերության և կառավարության միջև ստորագրվելիք համաձայնագիրը: Նա խնդրեց երկու օր ժամանակ տալ` պաշտպանության նախարարության և կառավարության աշխատակազմի հետ միասին մի քանի հարցեր հստակեցնելու համար:
Հովիկ Աբրահամյանը նախարարին հարցրեց. «Բայց այստեղ մեր պայմանավորված գումարից ավելի է գրված»: Նախարարը պարզաբանեց, որ պայմանավորված գումարը ներկայացված է հավելվածներում: Հովիկ Աբրահամյանը զարմացավ` ասելով, որ պայմանավորվել են երեք տարի` ամեն տարի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ ներկայացնել, բայց փաստաթղթում գրված է 602 միլիոն:
Կարեն Ճշմարիտյանն էլ նշեց, որ ճշգրտված հաշվարկներն այդքան են ցույց տալիս: «Ի՞նչ է նշանակում ճշգրտված հաշվարկներ, մենք մի բան ենք պայմանավորվում, վերջում ա՞յլ բան է գրվում: Այ քեզ բան»,- զայրացավ վարչապետը: «Կճշգրտենք, պարո՛ն վարչապետ»,- ասաց նախարարը: «Ո՛չ, պայմանավորվածությունը չպետք է խախտվի»,- եզրափակեց վարչապետը: