ԱՌՆՎԱԶՆ 4%-ՈՎ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԵՆՔ ԱՊՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկ մեկնարկեցին 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: 2013թ. բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 31 միլիարդ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ: Նախատեսված է, որ այս տարվա համեմատ 2013թ. բյուջետային մուտքերը լինեն 13 տոկոսով ավելի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, ներկայացնելով պետական բյուջեի նախագիծը, երեկ ասաց, թե հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը հիմնված է երեք կարեւորագույն սկզբունքների վրա՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում եւ արդյունավետ ինստիտուտների առկայություն: Ըստ նրա՝ պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը՝ 84,7 տոկոսը, ներառելու է առաջնահերթ ճանաչված հինգ ոլորտ: Բյուջեի 41,8 տոկոսը հատկացվելու է սոցիալական բնագավառին, որն իր մեջ ներառելու է կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության ոլորտները: Երկրորդ ուղղությունը պաշտպանությունն է՝ 21,1 տոկոս, տնտեսության ճյուղերը՝ 14,1 տոկոս, պետական պարտքի սպասարկմանը տրամադրվելու է բյուջեի միջոցների 4,6 տոկոսը: Իսկ հինգերորդ ոլորտը համայնքներին տրվող դոտացիաներն են լինելու, որոնք կազմելու են պետական բյուջեի 3,1 տոկոսը: Հաջորդ տարի սպասվում է նաեւ տնտեսական աճ՝ 6,2 տոկոսի սահմաններում, այս տարի սպասվող 7 տոկոսի փոխարեն: Ճիշտ է, հաջորդ տարի սպասվող աճը մի փոքր քիչ է այս տարվա սպասելիքների համեմատ, բայց կառավարության խոստացած մյուս հաջողությունների կողքին այն չի երեւում: Տ. Սարգսյանը նաեւ ասաց, թե ուշադրություն են դարձնելու արտաքին պարտքի ցուցանիշին, որպեսզի այն չհամարվի ռիսկային:
Խոստովանենք, որ այս ամենը բավական գրավիչ է հնչում: Միայն թե, երբ մարդկային կապիտալի զարգացման մասին է խոսում մինչ այդ արտագաղթը «կատակով» խրախուսող վարչապետը, կառավարության բոլոր խոստումները կորցնում են արժեքն ու պարզապես ի չիք են դառնում: Ավելին, երեկվա բյուջետային քննարկումների ժամանակ բացահայտվեց մեկ ուշագրավ փաստ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարը խոստովանեց՝ Հայաստանում ստվերն այսօր կազմում է 30-35 տոկոս: Ու մինչ Ռ. Հակոբյանը շնորհակալություն կհայտներ նախարարին՝ համարձակություն դրսեւորելու եւ նման թիվ հրապարակելու համար, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հակադարձեց, թե ինքը չի հավատում ստվերի մասին նախարարի հրապարակած թվին: Վկայակոչելով միջազգային կառույցների գնահատականները՝ Բագրատյանը նշեց, թե ստվերը ՀՀ-ում կազմում է 44,6 տոկոս: Ի դեպ, դեռ այս տարվա հունիս ամսին Վաչե Գաբրիելյանը խոստովանել էր. «Մեր տնտեսությունում ստվերը 30-40% է, եւ դրա դեմ պետք է պայքարենք»: Ու փաստորեն, պետք է արձանագրենք, որ այս հայտարարություններից հինգ ամիս անց կրկին նախարարը նույն թիվն է հրապարակում: Սա նշանակում է՝ իշխանությունները, քաջ իմանալով ՀՀ-ում ստվերի մակարդակը, որեւէ քայլ չեն ձեռնարկել այն նվազեցնելու համար: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակներն այսօր 30-35 տոկոս ավելի քիչ են, քան կարող էին լինել, եւ դա՝ վարչախմբի անգործության արդյունքում:
Իսկ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, վերլուծելով 2013թ. պետական բյուջեի նախագիծը, տեսակետ հայտնեց, որ հաջորդ տարի քաղաքացիներն ապրելու են շատ ավելի վատ, քան 2012թ.: Ըստ նրա՝ վերջերս ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի պահանջն է աշխատողներից նոր հարկատեսակ՝ շահութահարկ գանձել: «Բյուջետային ոլորտների աշխատողները եւ թոշակառուները, որոնց առնչությամբ 2013 թվականին ֆինանսական ավելացում չի նախատեսվում, կապրեն առնվազն 4%-ով ավելի վատ»,-ասաց նա: Բյուջետային քննարկումների ժամանակ էլ Բագրատյանը խորհուրդ տվեց երկու տարով կանգնեցնել ԿԲ շենքի շինարարական աշխատանքներն ու այդ գումարներն ուղղել կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացմանը: «Մենք մի կողմից տեսնում ենք ծայրահեղ աղքատություն, իսկ աղքատությունն ավելանալու է, բնականաբար, մյուս կողմից տեսնում ենք ցոփություն որոշ հիմնարկների ծախսերում,-նշեց նա եւ եզրակացրեց. 110 հազար մարդ գնաց այս տարի, մյուս տարի կգնա 130 հազար»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս