Սուրիկ Խաչատրյանի գործով կա՛մ հակափաստարկներ ներկայացրեք, կա՛մ հրաժարական տվեք. Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Կոստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին հիշեցրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Բուդաղյանների հետ կապված միջադեպը և ասաց՝ գլխավոր դատախազը կոծկել է ապացույցներն այն մասին, որ Բուդաղյանին սպանել է հենց Սուրիկ Խաչատրյանը:

«Ես հիմա հայտարարում եմ, որ նորից հաստատում եմ 2013 հոկտեմբերի 1-ի իմ ելույթի բոլոր դրույթները: Եթե դուք ունեք հակափաստարկներ, ապա հրապարակեք, եթե ոչ, ուրեմն հրաժարական տվեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազն էլ պատասխանեց Փաշինյանի հարցադրումներին ու դիտարկումներին: «Ես վերահաստատում եմ՝ տվյալ գործում չկա փաստ, հանգամանք, որի մասին ես անձնական պատասխանատվություն չկրեմ: Եվ այն ժամանակ, և միշտ ամեն կայացրած որոշման համար անձնական պատասխանատվություն ունեմ: Ես անգամ ասել եմ, որ այդ որոշումները քննարկելու են դատարանում և հիմա էլ դատական պրոցեսները գնում են: Ձեր կողմից ներկայացված փաստերի կապակցությամբ դատախազության պարզաբանումները կարող եք գտնել դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալով, եթե չեք ուզում դատական նիստերին մասնակցել: Միայն դրանով վստահեմ՝ ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք: Ես համոզված եմ, եթե դուք իրականացնեիք մասնագիտական գործունեություն, ավելի զգույշ և հետևողական կլինեիք ձեր հայտարարություններում»,- պատասխանեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Փաշինյանն արձագանքեց, ասելով, որ 2013-ին հունիսի գործով քննիչը գնացել է ԱԱԾ ձայնագրությունները վերցնելու, սակայն ԱԱԾ-ից չեն տվել՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով չեն կարողացել գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին: «Կարո՞ղ եք ասել մի դեպք, երբ ընդդիմադիր պատգամավորին տեխնիկական պատճառերով չկարողանան գաղտնալսել»,- ասաց պատգամավորը:

Կոստանյանն էլ իր հերթին նշեց, որ Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու հետ կապված որևէ որոշում չի եղել: «Միայն երեք անձանց գաղտնալսման որոշում է եղել: Իսկ նրանց հետ կապված, այո, ԱԱԾ-ն տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Ես չեմ կարող ասել՝ ինչու ԱԱԾ-ն հնարավորություն չի ունեցել գաղտնալսելու այդ մարդկանց: Բայց գաղտնալսումները կապել նշված գործի ելքի հետ, առնվազն իրավաբանական չէ: Պարոն Փաշինյան, հստակեցրեք Ձեր տեղեկատվությունը, հետո այն այստեղ քննարկման առարկա դարձրեք»,-ասաց Գևորգ Կոստանյանը:




Լրահոս