ՉԻ ՀԵՏԵՎԻ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Կառավարությունը հերքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխնախագահի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերը: Նման հնարավոր նշանակման մասին գրել էր «Առավոտ»-ը. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մասնավորապես մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում՝ վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրել Կոստինը եւ այլք։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»:
ՄՆԱՑԵԼ Է ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԸ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների թիմերի միջեւ: Սեպտեմբերի 25-ին մեկնարկած այս մրցաշարին մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր, որոնք բաժանված են եղել 2 ենթախմբի՝ 7-ական թիմերով: Խաղերը կայացել են Երեւանի «Փյունիկ» ակումբի, Աշտարակ եւ Աբովյան քաղաքների մարզադաշտերում:
ՄԻՋԱԴԵՊ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
Հոկտեմբերի 29-ին Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկացմամբ` ուղեւորներից մեկը՝ Արթուր անունով, վեճի է բռնվել «Արմավիա-Ավիա» ընկերության աշխատակցի հետ: Վեճին միջամտել են համապատասխան աշխատակիցները, սակայն ոչ միայն չի հաջողվել հանդարտեցնել ուղեւորին, այլեւ նա սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ մյուս կողմի հասցեին: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բերման են ենթարկել ուղեւորին: Ոստիկանությունից հաստատել են, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Հանգամանքները պարզվում են:
ՍՊԱՆԵԼ Է ԳԱՅԼԻՆ
Հոկտեմբերի 30-ին Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 51-ամյա բնակիչ Մուշեղ Հովհաննիսյանը վնասազերծել է հսկայական գայլի: Նա գյուղի խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու ժամանակ Ծաղկեվանքի տարածքում նկատել է երկու գայլի: «Մեկ կրակոցով կարողացա ամենամեծ գայլին տապալել, իսկ մյուսը դիմեց փախուստի: Տուն բերելուց հետո կշռեցի՝ 40 կգ էր»,-պատմել է որսկան-հովիվը:
ՈՒԺԻ ՄԵՋ Է
«168 ժամ»-ի հարցին, թե ՕԵԿ-ն ինչ դիրքորոշում ունի 2011թ. ստորագրված կոալիցիոն հուշագրի մասին, որով քաղաքական երեք ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, պարտավորվել էին 2013թ. նախագահական ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանել է. «Հուշագիրը ստորագրված է, եւ այսօր այն գործում է, որովհետեւ կա պաշտոնական ստորագրություն, եւ ոչ մի պաշտոնական հայտարարություն կուսակցության անունից գոնե ինձ հայտնի չէ այլ տարբերակով»:
ԳՆԱՑ ՊՐԱՀԱ
Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 29-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Պրահա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը: