Որոշ քաղաքական ուժեր ցանկանում են, որ կառավարությունը ձախողվի. չի իրականանա. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին որոշումը:  Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտե­սական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

Նշենք, որ եզրակացության մեջ՝ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտե­սա­կան աճեր» ենթաբաժնում, ներկայացված է, որ Ռուսաստանում 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդ­յուն­քում 2015 թվականին ակնկալվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2.0%:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչու են գրել, որ 2 տոկոս անկում է սպասվում: «Ձեր ակնկալիքները չեն իրականանալու, եթե ակնկալում եք, որ տնտեսական անկում պետք է լինի: Նման բան է գրված, ես չգիտեմ, միգուցե տեղեկանքն է սխալ». – նշեց վարչապետը:

Վարչապետն առաջարկեց ևս մեկ անգամ սա նայել: «Հիմա ես համոզված եմ, որ 2-3 % տնտեսական աճ ունենք չորս ամսով, և նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի: Որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ ուզւոմ են, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում լինի, ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ», – հավելեց նա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ  եզրակացության մեջ նշված է նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի տնտե­սական աճի վերաբերյալ տարբեր միջազգային կազմակերպությունների կող­մից ներկայացված կանխատեսումները գտնվում են -3%-ից -5.5% միջակայքում:  Վարչապետը հարցրեց, թե ինչ գործ ունեն ՌԴ-ի հետ, փոխվարչապետն էլ արձագանքեց, որ դա ազդում է մեր տնտեսության վրա:




Լրահոս