Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի և Արմեն Ավետիսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավորներն առաջարկում էին Երևան քաղաքից 120 կմ և ավելի հեռավորության վրա գտնվող համայնքներում արտադրական գործունեության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի` իրացումից ստացված եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով. իրացումից ստացման ենթակա եկամուտները ազատել շահութահարկից և եկամտային հարկից:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը ողջունում է ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն միաժամանակ, կառավարությունը գտնում է, որ ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի դրա արդյունքում ակնկալվող արդյունքները գերազանցեն պետության կողմից կրած կորուստները:




Լրահոս