Ինչպես հայտնի է, Արտաշատում հունիսի 7-ին քաղաքապետի ընտրություններ պետք է տեղի ունենան, բայց գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը դրանց չի մասնակցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչեւ թեկնածուների առաջադրումների սկսվելը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել Արտաշատի գործող քաղաքապետին եւ նրան հրահանգել չառաջադրել իր թեկնածությունը: Վարչապետի այդ «պահանջը» Մուրադյանին խիստ նեղացրել է, եւ նա սկսել է իր մտերիմների շրջանում խոսել Հայաստանից արտագաղթելու մասին:
Նա ասել է, որ ընտրություններից եւ իր լիազորությունների ավարտից հետո ինքը կհեռանա Հայաստանից, ենթադրվում է, որ եվրոպական որեւէ երկիր կգնա: Նա կարող է եվրոպական երկրներից մեկում որպես քաղհալածյալ հանձնվել եւ ապաստան խնդրել: Կարող է ասել, որ ինքը ՀՀԿ-ի համար անթիվ-անհամար ընտրություններ է կեղծել, բայց իր հետ նման դաժան ձեւով վարվեցին, եւ ինքն այլեւս ընդդիմություն է եւ մի լավ ու հարմարավետ ապաստան է ուզում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց վերը բերված լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձեց Գագիկ Մուրադյանից եւս մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն: