ՍՊԱՆՈՂԻՑ 7 ՄԻԼԻՈՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նիսյայի» ցուցակում չգրելու շարժառիթով ամիսներ առաջ Գավառում կատարված սպանության գործի դատաքննությունը մոտեցել է ավարտին: Սպանված Վիգեն Սահակյանի հարազատները սպանության մեջ մեղադրվող Արման Հովսեփյանից պահանջել են 7 մլն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Արմանը դատարանում ընդունել է, որ Վիգենն իր ձեռքով է սպանվել, բայց նշել է, որ անհրաժեշտ պաշտպանություն է իրականացրել եւ մինչ օրս էլ չի հասկացել, թե ինչու են երկու անծանոթ երիտասարդներն այդպես դաժանաբար ծեծել իրեն:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Գավառ) երեկ՝ հոկտեմբերի 30-ին նշանակված դատական նիստը երկու շաբաթով հետաձգել է, քանի որ մեղադրական, պաշտպանական կողմերը պետք է նախապատրաստվեն ճառերին: Դատարանն արդեն լսել է գործով անցնող վկաների, ամբաստանյալների ցուցմունքները, հետազոտել գործում առկա ապացույցները: Ամբաստանյալների հարցաքննությունից հետո տուժողի իրավահաջորդը միջնորդել էր ժամանակ տրամադրել՝ անվճար ծառայություն մատուցող փաստաբան գտնելու եւ նրա միջոցով իր շահերը դատարանում ներկայացնելու համար: Ի վերջո, Գագիկ Խանսամանյանը ստանձնել էր տուժող կողմին իրավական աջակցություն ցույց տալու պարտականությունը եւ մոտ 7 մլն  դրամի քաղհայց ներկայացրել:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչներ 28-ամյա Վիգեն Սահակյանը եւ 26-ամյա Շահեն Չանդոյանը ապրիլի 16-ի գիշերը` ժամը 22-ի սահմաններում, հարբած վիճակում մտել էին Գավառ քաղաքի բնակիչ Արման Հովսեփյանի ընտանիքին պատկանող մթերային խանութ եւ ապառիկ ապրանք պահանջել: Ու թեեւ Արմանը, իր խոսքով, տվել էր պահանջված սիգարետը, սակայն գնորդի անունը «նիսյայի» ցուցակում գրելու հանգամանքը դուր չէր եկել ներս մտնողներին, եւ դրա շուրջ ծավալված վեճը հանգեցրել էր սպանության: Վիգենն ու Շահենը սկսել էին ծեծել Արմանին, վերջինս էլ փորձել էր ազատվել նրանցից. ձեռքն ընկած խոհանոցային դանակով նախ մեկ հարված էր հասցրել Շահենին եւ դուրս վազել խանութից, սակայն այնտեղ Վիգենն էր հասել հետեւից եւ շարունակել բռունցքով հարվածել Արմանին: Վերջինս էլ դանակի մի քանի հարված էր հասցրել Վիգենին: 15 րոպե անց Վիգենը տեղում մահացել էր, Շահենին տեղափոխել էին Գավառի բժշկական կենտրոն եւ վիրահատել, իսկ Արմանին դատաբժշկի ուղեգիր տվել ու կալանավորել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 108-րդ հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն) հատկանիշներով: Սակայն տուժողի իրավահաջորդների բողոքից հետո այն վերաորակվել էր սպանություն: Եւ այժմ Արմանը մեղադրվում է սպանության, իսկ սպանված Վիգենի մորաքրոջ տղան՝ Շահենը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Նրանցից առաջինը կալանավորված է, իսկ երկրորդը, որը դատաքննության ժամանակ այդպես էլ չկարողացավ դեպքերի հանգամանքները հստակորեն նկարագրել եւ իրեն արդարացնող որեւէ բան ասել, ստորագրությամբ բաց է թողնված:
Մահացած Վիգենի հայրը դատարանում նշել էր, որ իր «ղասաբ» որդին այնքան ուժեղ էր, որ խոզի ճակատին մի հատ տալիս էր, անասունն ընկնում էր, այդ ինչպե՞ս եղավ, որ Արմանն իր փոքր հալով սպանեց իր մարմնեղ որդուն…
Փաստորեն եղավ, եւ մի անխոհեմ, ոչ սթափ քայլի հետեւանքով խեղվեցին երեք երիտասարդների ճակատագրեր ու ընտանիքներ. Շահենն ու Վիգենը նշանադրված էին, պետք է ամուսնանային, իսկ Արմանը մեկ ամսից պետք է ազատության մեջ լսեր իր նորածին մանկիկի ճիչը:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս