Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում ապրող 35-ամյա Կամո Բունիաթյանը թեեւ ժամանակ առ ժամանակ օգտվել է մարմնավաճառների ծառայությունից, բայց չի ընդունել, երբ մարմնավաճառները կանգնել են իր տան պատուհանի տակ եւ իրենց ծառայությունների մասին սակարկել: Նա տարածքի մարմնավաճառներին հրահանգել է` իրենց ծախելու գործընթացն իրականացնել իր շենքից հեռու: Հայտնի չէ, թե քանի հոգու վրա է Կամոյի այդ արգելքն ազդել, բայց մեկի վրա հաստատ չի ազդել, եւ հետեւանքը շատ լուրջ է եղել:
Կամոն 2012թ. մարտի 23-ի լույս 24-ի գիշերն իրենց շենքի մոտ կրկին հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթ Հռիփսիմեին, որին նախկինում մի քանի անգամ դիտողություն է արել` իրենց շենքի մոտ կանգնելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Վերջինիս կողմից իր պահանջները չկատարելը եւ նորից իրենց շենքի մոտ կանգնելը ցավագին ընդունելով՝ Կամոն որոշել է պատժել նրան: Իր այդ մտադրությունն իրագործելու նպատակով Հռիփսիմեին ասել է, որ ուզում է նրա ծառայությունից օգտվել: Վերջինս էլ երեւի մտածելով, որ դա հաշտության եւ շենքի տակի տարածքը «բրոնյա» անելու լավ հնարավորություն է, նստել է Կամոյի մեքենան: Մայրաքաղաքից դուրս են եկել, եւ Կամոն մեքենան քշել է Էջմիածնի ուղղությամբ` դեպի Մարգարա գյուղի ամայի դաշտեր: Այնտեղ Կամոն առանց շտապելու նախ ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել Հռիփսիմեի հետ, ապա դուրս հանելով ավտոմեքենայից` սկսել է վիճաբանել նրա հետ: Հենց Հռիփսիմեն սկսել է հակադարձել, Կամոն իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածներ է հասցրել նրա կենսականորեն կարեւոր օրգաններին` աջ այտային, աջ զստափոսային, կրծքավանդակի աջ կեսի շրջաններին, որտեղ կոտրվել է դանակը, եւ շեղբը մնացել է մարմնի մեջ: Բայց Կամոն դա էլ է քիչ համարել եւ շարունակել է քարերով բազմաթիվ հարվածներ հասցնել Հռիփսիմեի գլխի եւ մարմնի տարբեր մասերին. այնքան է խոշտանգել, մինչեւ կամակոր մարմնավաճառի առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Իր հասցրած բազմաթիվ մահացու վնասվածքների առկայության պայմաններում արնահոսող Հ. Տեր-Հարությունյանին թողնելով դաշտում՝ Կամոն հեռացել է: Հռիփսիմեն որոշ ժամանակ անց ուշքի է եկել, մոտեցել մոտակա բնակավայրին եւ օգնություն խնդրել տեղի բնակիչներից:
Այժմ Կ. Բունիաթյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ, իսկ Հռիփսիմեն երեւի արդեն մարմնավաճառությամբ չի զբաղվում, քանի որ այդ դեպքից հետո նա աշխատունակության կորուստ ունի. վնասվել են նրա կենսական կարեւորագույն օրգանները: Կամ եթե չի էլ հրաժարվել իր գործից, ապա կանգնելու տեղը հաստատ Կամոյի շենքի տակ չի լինի:
ՄԱՀԱՓՈՐՁ ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ՏԱԿԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ