ԷԼԻ ՓՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս հոկտեմբերի 10-ի? (402-րդ համարում) անդրադարձել էր Մուշ-2 թաղամասի շուրջ ստեղծված խնդրին: Թաղամասի շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներին ընկերությունը չէր վճարում աշխատավարձերը` պատճառաբանելով, թե «Սերժ Սարգսյանը կգա, թաղամասի բացումը կլինի, նոր կվճարենք ձեր գումարները»: Հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը մասնակցեց Գյումրիում Մուշ-2 թաղամասի բացմանը, սակայն բանվորների կյանքում ոչինչ չփոխվեց. ընկերությունը դեռեւս չի կատարել իր խոստումը:
Փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը, որ ընկերությունը չի վճարում շինաշխատանքներն իրականացրած բանվորների աշխատավարձը: «Գլենդել հիլզ» ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության բաժնից պարզաբանեցին, որ Մուշ-2-ում աշխատող խմբերի գումարները վճարելու ժամկետը ո՛չ ընկերության ղեկավարները, ո՛չ էլ վարչությունը երբեւէ չեն կապել հանրապետության ղեկավարի այցի հետ:
«Մենք նշել ենք, որ վճարումը կկատարվի աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո, եւ որ յուրաքանչյուր բրիգադի աշխատանքն ավարտված կլինի հանձնման ակտի առկայությամբ,-տեղեկացրին ընկերությունից՝ հավելելով, որ հանձնման ակտի ստորագրումը տեղի կունենա մոտավորապես մեկ շաբաթից, ինչն իր հերթին պայմանավորված է ներքին հարդարման աշխատանքներում հնարավոր շտկումների հետ,-այլ կերպ ասած՝ վճարման հանձնարարականները կախված կլինեն երաշխիքային սպասարկման ընթացքում ստացվող դիմումների բնույթից. եթե դրանք վերաբերեն շինարարական կամ ներքին հարդարման շտկումներին, ապա տվյալ բրիգադների աշխատողները ստիպված կլինեն կատարել շտկումները, որից հետո կստանան չվճարված գործավարձի մասը»:
Այնպես որ, բանվորները հիմա էլ պետք է աշխատանքների ավարտից ու հանձնման ակտը ներկայացնելուց հետո ակնկալեն իրենց հասանելիք գումարը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս