Գլխավոր դատախազը՝ Գոհար Ենոքյանի, Արտակ Խաչատրյանի դեպքերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի մասին: Մասնավորապես՝ Գոհար Ենոքյանի, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կապված դեպքերի վերաբերյալ:

Գ. Ենոքյանի հետ կապված Կոստանյանը նշեց, հետագա գործողություններում անպայման հաշվի կառնվի նրա կենսագրությունը: «Իսկ հիվանդության հետ կապված, օրենքում համապատասխան ցանկ կա, որի դեպքում մեղմացուցիչ հանգամանք է համարվում: Երբ խոսքը սպանության նախապատրաստության մասին է, ՀՀ պրակտիկայում չի եղել նման դեպք, որ անձը չձերբակալվի: Իսկ կալանավորվելու վերաբերյալ մենք որոշում չենք ներկայացրել» ,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ իրենք բավարար հիմքեր ունեցել են Գոհար Ենոքյանին ձերբակալելու համար:

Գլխավոր դատախազի խոսքով՝ եթե Գոհար Ենոքյանը իրեն առաջադրված մեղադրանքների հետ համաձայն չէր կամ ինչ-որ բողոքներ ուներ, կարող էր համապատասխան ընթացակարգով բողոքարկել որոշումը, սակայն նման բողոք Գլխավոր դատախազությունը չի ստացել:

Արտակ Խաչատրյանի դեպքի հետ կապված Գևորգ Կոստանյանը կարծիք հայտնեց, որ հանցագործությունը բացահայտվելու է և հանցագործը ենթարկվելու է պատասխանատվության:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց իր ծառայողական մեքենայի հետ տեղի ունեցած դեպքի մասին և այդ մասով իրավապահների անգործության մասին: Գ. Կոստանյանը խոստացավ տեղեկանալ գործի մանրամասներին և պատգամավորին տեղյակ պահել:




Լրահոս