ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Արտակ Նազարյանի մահվան գործով  հոկտեմբերի 30-ի դատական նիստում շարունակվեց զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի հարցաքննությունը: Նախկին հրամանատարին հարցեր էին ուղղվում նրա կողմից «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ: Տուժողի իրավահաջորդը եւ պաշտպանական կողմը համոզված են, որ զորամասի հրամանատարի կողմից նման կարգապահական տույժեր չեն եղել, որ Արտակի մահվան դեպքից հետո այդ զինծառայողներին ռազմական ոստիկանություն են տարել եւ երկար ժամանակ անօրինական կալանքի տակ պահել, ինչի արդյունքում զինծառայողները նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել` գտնվելով ճնշման տակ: Այդ մասին դատարանում հայտարարել են ամբաստանյալ եւ գործով վկա զինվորները: Նրանց նախաքննական ցուցմունքները կարող են համարվել անթույլատրելի ապացույց: Դատարանում նման միջնորդություններով հանդես են եկել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Հրանտ Գեւորգյանը եւ Լեւոն Պողոսյանը: Գործով մեղադրողներն էլ հայտնել են, որ հենակետի զինվորները ռազմական ոստիկանություն են տարվել կարգապահական խախտումների համար` զորամասի հրամանատարի կողմից տույժի ենթարկվելուց հետո:
Գնդապետ Ս. Ղազարյանին հարցեր տրվեցին, թե ինչու դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ չկան իր կողմից կարգապահական տույժեր կիրառելու մասին ծառայողական քննության նյութերը: Զորամասից դատարանին հայտնել են, որ նման փաստաթղթեր չկան: Ս. Ղազարյանն ասաց, որ ծառայողական քննությունն ինքը բանավոր է  անցկացրել: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հարցրեց, թե ինչու է Ղազարյանը կարգապահական տույժի հրամանը տվել հուլիսի 28-ին, երբ զինծառայողները ռազմական ոստիկանություն են տարվել Ա. Նազարյանի մահվան օրը` հուլիսի 27-ին: Գնդապետն ասաց, որ լինում էին օրեր, երբ հրամանի գիրքն արդեն փակված էր լինում, եւ գրառումները հաջորդ օրն էին արվում: Զորամասի նախկին հրամանատարն այդպես էլ չկարողացավ հիշել, թե ինչ խախտումներ էին թույլ տվել հենակետի բոլոր զինծառայողները, ինչի կապակցությամբ նրանց կարգապահական տույժի էր ենթարկել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները եւ պաշտպանական կողմը դատարանում հայտարարեցին, որ գնդապետ Ս. Ղազարյանի տված ցուցմունքները կեղծ են, եւ դատարանը չպետք է դրանք որպես ապացույց ընդունի: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը ասաց, որ ինքը միջնորդելու է կեղծ ցուցմունքների համար քրեական պատասխանատվության ենթարկել Ս. Ղազարյանին:
Այնուհետեւ Հրանտ Գեւորգյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի Ա. Նազարյանի հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն կատարվի: Նախկինում պաշտպան Գեւորգյանի նման միջնորդությունը դատավոր Մարդանյանը մերժել էր:  Գեւորգյանի միջնորդությանը միացան պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լեւոն Պողոսյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:
Դատական հաջորդ նիստը կկայան նոյեմբերի 7-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս