Քիչ առաջ Pastininfo.am-ը լուրեր տարածվեց այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձի գործով փորձաքննություն է նշանակվել Արտակ Բուդաղյանի նկատմամբ:
Armlur.am-ը զրուցեց Արտակ Բուդաղանի փաստաբանի` Հայկ Ալումյանի հետ, ով ասաց, որ չի պատկերացնում` ինչու պետք է վարույթն իրականացնող մարմինը նման որոշում կայացներ: Մեր զրուցակիցը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը:
Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, Արտակ Բուդաղյանից փորձանմուշներ են վերցվել՝ պարզելու համար՝ դեպքի օրը զենք գործածե՞լ է, թե՝ ոչ:
Ի դեպ, կարծիքներ են պտտվում, թե Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձը կարող է բեմադրված լինել: Ավելին, չի բացառվում, որ կրակոցների պահին ավտոմեքենայի մեջ ոչ ոք չի եղել:
Այս պահին, ըստ երևույթին, հարցաքննվում և փորձաքննության են ենթարկվում բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում խնդիրներ են ունեցել Սյունիքի վերանշանակված մարզպետի հետ: Հիշեցնենք, որ այդ կարգավիճակում է հայտնվել նաև Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը, ով հայտնել է, որ դեպքի պահին ինքն իր աշխատավայրում է եղել:
Իսկ Արտակ Բուդաղյանը հայտնվել է հարցաքննվողների կազմում, քանի որ երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց փոխհրաձգության հետևանքով սպանվել էր Ավետիք Բուդաղյանը:
Նշենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով ևս տևական ժամանակ է` լարված հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ, հայտնեց, որ իրեն չեն հարցաքննել: Ինքն իր կարծիքը կատարվածի մասին կհայտնի այն ժամանակ, երբ արդեն կասկածյալների անունները հստակ կլինեն և ձերբակալություններ ևս կլինեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան 20-25 կրակոց է արձակվել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժողներ չկան: