ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամները ամփոփել են ԽՎ-ի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանն ու Թեւան Պողոսյանը մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են մայիսի 15-18-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների արդյունքներին:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը Բուդապեշտում ցուցաբերել է շատ ակտիվ մասնակցություն. քննարկվել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ ԱԺ պատվիրակները ներկայացրել են իրենց հարցադրումներն ու մեկնաբանությունները: Պարոն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանում 5 տարբեր հանձնաժողովներում քննարկվել են 16 զեկույցների նախագծեր: Առաջին օրը ՀՀ ԱԺ պատվիրակների մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել Պաշտպանության եւ անվտանգության, Տնտեսության եւ անվտանգության, ինչպես նաեւ Գիտության եւ տեխոնոլոգիայի հանձնաժողովներում: Նրա խոսքով` քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկման առանցքում եղել են Ռուսաստանի եւ Եվրամիության անվտանգության հետ կապված խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող առանձին հարցադրումներ եւ այլն: Հայկական պատվիրակության կողմից առանձին հարցադրումներ են եղել նաեւ հակամարտությանը վերաբերող տարբեր ձեւակերպումների եւ մեկնաբանությունների վերաբերյալ, քանի որ զեկույցներում հնչած ձեւակերպումները սխալ են ներկայացրել հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության մասով: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ հայկական պատվիրակությունն անդրադարձել է դրան, նշելով, որ հակամարտությունը ծագել է ստալինյան քաղաքականության եւ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կողմից ձեռնարկված ագրեսիայի արդյունքում. բացի այդ? Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս եւ այդ երկրի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը` հռչակվելով անկախ պետություն:

Ի պատասխան հայկական կողմի հարցադրումների` Ադրբեջանի պատվիրակը ներկայացրել է իր առարկությունները` խոսելով անջատողականության, պետությունների տարածքային ամբողջականության, փախստականների եւ մի շարք այլ հարցերի մասին, որոնց վերաբերյալ հայկական կողմը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը` շեշտելով, որ հենց Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը կացնահարել է հայ սպային, ուստի՝ Ադրբեջանն ընդհանրապես իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների մասին, քանի որ հենց Ադրբեջանում այն զանգվածաբար խախտվում է: Այդ առումով Ադրբեջանում իրականացվող հակահայկական քարոզչությունը խոսում է այն մասին, որ այդ երկիրը որեւէ կերպ պատրաստ չէ արդյունավետ բանակցելու հակամարտության կարգավորման շուրջ:

Կորյուն Նահապետյանը նշել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Մայք Թերները փորձել է կազմակերպել եռակողմ հանդիպում` վեհաժողովի ղեկավարության, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ: Սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել: Փոխարենը` Մայք Թերների նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկկողմ կարճատեւ զրույց, որի ընթացքում խոսել են առաջիկայում Երեւանում կայանալիք «Ռոուզ Ռոթ» սեմինարի աշխատանքների մասին:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հավելել է, որ քննարկումների ժամանակ ներկայացրել է 12 առաջարկ, որոնք հաշվի են առնվել: Նա նշել է, որ առիթ են ունեցել բարձրաձայնելու թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ թե Թուրքիայի դերակատարման խնդիրների մասին: Պարոն Պողոսյանը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակությունը միշտ ավելի ակտիվ մասնակցություն է ունենում, քան ՆԱՏՕ-ի անդամ երկրները:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանն էլ նշել է, որ քննարկումներում հստակ արծարծվում էր հակառուսական տրամադրվածությունը, սակայն, անկախ այդ ամենից, ՀՀ ԱԺ պատվիրակությունը շատ ակտիվ աշխատանք է տարել` ներկայացնելով տարբեր առաջարկներ եւ վեր հանելով այնպիսի հարցեր, որոնք կարող են հակասական ընկալումների տեղիք տալ:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:




Լրահոս