Կկարգավորվեն հողօգտագործման խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի Արծվանքի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմանների որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ, իսկ իր նախկին որոշումներից մեկը՝ ուժը կորցրած ճանաչելու որոշում: Դրանով կկարգավորվեն ոչ միայն այդ համայնքների, այլև համապետական կարևոր նշանակություն ունեցող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողօգտագործման խնդիրները:

Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նշված տարածքները ձեռք բերողներից մեկի՝ «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի նկատմամբ շարունակ ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, ինչն անհնար է դարձնում այդ տարածքների օտարումը: Հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերող ճանաչել «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, ինչպես նաև սեփականության օտարումն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2015թ. սեպտեմբերի 1-ը:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011թ. ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ծրագրի երկրորդ տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Այդտեղ եղած գույքի և հողատարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու կառավարության որոշման ընդունումից առաջ նախատեսվում է ուսումնասիրել գույքը և հողատարածքը, ինչի վերաբերյալ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Օդային փոխադրման ոլորտում ներկայումս իրականացվող ազատականացման քաղաքականությունը ներառում է նաև ընթացակարգերի պարզեցում՝ միաժամանակ պատշաճ մակարդակի պահպանելով թռիչքային անվտանգության պահանջները: Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ բարելավում է երկրի գործարար միջավայրը և պարզեցնում քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման ընթացակարգերը:




Լրահոս