ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հին Նորք թաղամասում տարիներ շարունակ աշխատում էր 22-ա համարի երթուղին: Հիմա դա գործածությունից հանել են եւ փոխարենը բերել 26 համարը, որն ընդհանրապես հարմար չէ քաղաքացիներին Կենտրոն համայնք հասնելու համար: Ուսանողների, աշխատողների համար առաջացնում է բարդություններ: Ի՞նչն է պատճառը, որ երթուղիների համարները երթուղիների հետ միասին փոխվեցին: Հնարավոր չէ՞ վերականգնել հին երթուղին:

Գարուշ Պետրոսյան (52 տարեկան, դասախոս) 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան` աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Հին Նորք թաղամասի տրանսպորտային սպասարկումը բարելավելու համար նոր երթուղային ցանցով բացվել է միկրոավտոբուսային հ. 26 երթուղին (Նոր Նորքի 1-ին զ/ծ-Հին Նորք-Լուկաշին փողոց)` նպատակ հետապնդելով ապահովել Հին Նորքի կապը Նոր Նորքի զանգվածների հետ, ինչպես նաեւ Լուկաշին թաղամասի տրանսպորտային սպասարկումը:
Արդեն անց է կացվել միկրոավտոբուսային հ. 26 երթուղու մրցույթը, եւ ներկայում իրականացվում է երթուղու կանոնավոր սպասարկումը` շարժման 7-8 րոպե միջակայքերով՝ ապահովելով կապը մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանների, այդ թվում Կենտրոնի եւ ուսանողական թաղամասերի հետ:
Միկրոավտոբուսային հ. 22-ա երթուղին շահագործվում էր 25-30 րոպե միջակայքերով, ինչը մշտապես տեղիք էր տալիս Հին Նորքի բնակիչների դժգոհությանը, հետեւաբար երթուղու վերականգնումը նպատակահարմար չէ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւանի քաղաքապետարանը «ունքն ուղղելու փոխարեն աչքն է հանել»: Քանի որ հ. 22-ա երթուղին սպասարկող ավտոմեքենաներն ուշացումով են երթեւեկել, փոխանակ միջոցներ ձեռնարկեն, որ 25-30 րոպե միջակայքը փոքրացնեն, վերցրել ու փակել են երթուղին: Խոսք չկա, «փայլուն» տրամաբանությամբ են առաջնորդվում մայրաքաղաքի կառավարումն իրենց ձեռքը վերցրած չինովնիկները:




Լրահոս